«Հասարակության բոլոր շերտերի մոտ, առավել ևս այն մարդկանց ընտանիքների մոտ, ովքեր «Հոկտեմբերի 27»-ի արդյունքում տուժել են, հարցը դեռ բաց է մնում», – խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ում հայրը՝ Կարեն Կարապետյանը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրը խորհրդարանի դահլիճում է եղել։
Նա պատասխանում էր հարցին՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտվա՞ծ է։ Իր գնահատմամբ՝ պետք է հասնել վերջնանպատակին, հասկանալ ահաբեկչության մոտիվը։
Հարցին՝ գործող իշխանությունը տեղի ունեցածի մեջ պարբերաբար մեղադրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2018թ.-ին գործը վերաբացվեց, բայց պատվիրատուների մասով նոր բացահայտումներ չկան, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ ութ տարվա ընթացքում հնարավոր էր արդարացի քննություն իրականացնել եւ հասնել արդյունքի։ Ինքը դեմ է այս գործի քաղաքական շահարկմանը, բայց սկզբունքային որոշում ունեն՝ պետք է հասկանալ մոտիվները․ «Հարցերը շատ են։ Պատասխանատուն քննչական մարմիններն են, որոնք գործընթացի հետ կապված քննություն են վարել։ Հարցը քաղաքական շահարկման առարկա չպետք է դառնա, ամբողջական բացահայտումը ամեն ինչ ցույց կտա, բայց մինչեւ այդ, բավականին անհարգալից վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր տուժել են․ պետք է հասկանանք՝ ո՞վ է, ինչպե՞ս է, ինչպե՞ս է եղել եւ դրանից հետո տրվի ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական գնահատական»։
Որպեսզի նման ոճրագործությունները չկրկնվեն, ըստ բանախոսի, պետք է պառակտման եւ ատելության խոսույթը վերանա, քանի որ դրանք են սնում բոլոր կողմերի արմատականներին։
Եթե այս ոճրագործությունը չլիներ, Նարեկ Կարապետյանի կարծիքով Հայաստանը տարածաշրջանում մեծ մրցակցային երկիր կլիներ՝ նաեւ ռազմական առումով եւ մենք չէինք ունենա այն իրավիճակը, որն այսօր ունենք։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները մինչ ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկը, ծաղիկներ դրեցին ԱԺ բակում գտնվող «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերի հիշատակի հուշարձանին։
Ամբողջական տեսանյութը
27 տարի առաջ այս օրը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն տեղի ունեցավ։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները: Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ: Հոկտեմբերի 27-ին զոհ գնաց 8 մարդ․ երկրի երկրորդ և երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ` Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ` Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
- Վռամ Գալստյան (Նաիրի Հունանյանի քեռին, ցմահ դատապարտված)՝ մահացել է 2004 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ըստ պաշտոնական վարկածի՝ կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել)։
- Նորայր Եղիազարյան (մեղադրվում էր զենք վաճառելու մեջ)՝ մահացել է 2000 թվականին ՔԿՀ-ի բանտախցում, դեռևս դատավարության ընթացքում (ըստ պաշտոնական վարկածի՝ հոսանքահարվել է)։
- Համլետ Ստեփանյան (դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման)՝ մահացել է 2010 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ըստ պաշտոնական տվյալների՝ սրտի կաթվածից)։
- Էդուարդ Գրիգորյան (բժիշկ, հանցախմբի անդամ, ցմահ դատապարտված)՝ մահացել է 2017 թվականին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
- Աշոտ Կնյազյան (ցմահ դատապարտված)՝ մահացել է 2024 թվականի օգոստոսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (պաշտոնական տվյալներով՝ սրտի կաթվածից)։
Գործով ցմահ ազատազրկման դատապարտված գլխավոր անձանցից ներկայում կենդանի են միայն խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը և նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, որոնք շարունակում են կրել իրենց պատիժը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: