Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 22-ին և 24-ին Չարենցավանում և Երևանում մենահամերգներով հանդես է եկել շվեյցարացի անվանի երգեհոնահար և կոմպոզիտոր Գի Բովեն։
Հոկտեմբերի 22-ին երաժիշտը ելույթ է ունեցել Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Համերգների ծրագրերում ընդգրկված էին Յոհան Սեբաստիան Բախի, Անդրե Ռեյսոնի, Ֆրանսուա Կուպերենի, Ալեքսանդր Պիեռ Ֆրանսուա Բոելի, Ֆրանսուա Դելորի, Ժան Ալենի, Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսոյի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունները, ինչպես նաև Գի Բովեի հեղինակած «Սարասոտան» և «Ֆանդանգո միոն» ու իսպանական, մեքսիկական և շվեյցարական ժողովրդական երաժշտության նմուշներ։
Համերգային ծրագրերն առանձնացել են երաժշտական ոճերի և ազգային ավանդույթների բազմազանությամբ՝ ներկայացնելով երգեհոնի հարուստ հնչողությունն ու կատարողական հնարավորությունները։
Համերգների ավարտին Գի Բովեն որպես բիս ներկայացրել է իմպրովիզացիա՝ Կոմիտասի «Անձրևն եկավ» ստեղծագործության թեմայով։
Չարենցավանում կայացած համերգին ներկա է եղել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, մշակույթի բաժնի պետը, ինչպես նաև երաժշտասեր հանրությունը։
Երևանյան համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան Ուրսուլա Լոյբլին, դիվանագիտական կորպուսի և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։
Գի Բովեի՝ Չարենցավանում և Երևանում կայացած համերգներն իրականացվել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության աջակցությամբ։
Բովեն երգեհոնային արվեստի ամենահեղինակավոր մասնագետներից և հետազոտողներից է։ Որպես պատմական երաժշտական գործիքների վերականգնման և պահպանման ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ՝ նա հեղինակել է երգեհոնի պատմությանը նվիրված շուրջ 1400 հոդված։ Երաժիշտը դասավանդել է Եվրոպայի մի շարք հեղինակավոր երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում։ Նա ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ և հեղինակել շուրջ 250 երաժշտական ստեղծագործություն։
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Կամերային երաժշտության ազգային կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: