Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսուհետև կկարողանա Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գտնվող բուժհաստատություններ այցելել։ Նման որոշում կայացրեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը` բավարարելով փաստաբան Արսեն Բաբայանի միջնորդությունը։
Նշենք, որ Արշակ սրբազանի նկատմամբ սահմանված էր վարչական հսկողություն և Էջմիածնի տարածքից բացակայելու արգելք։
Փաստաբանը միջնորդեց սրբազանին թույլ տալ Էջմիածնից դուրս ԲԿ–ներ այցելել` ելնելով առողջական վիճակից։ Խնդրեց նաև դռնփակ քննարկել հարցը։ Դրանից հետո դատավորը բավարարեց միջնորդությունը։
Բաբայանը նաև միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Արշակ սրբազանին թույլատրեն չմասնակցել դատական նիստերին, ինչը նույնպես բավարարվեց։
Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողն էլ թվարկեց ապացույցները, որոնք, ըստ իրեն, նշանակություն ունեն վերդիկտի կայացման համար և դատարանում պետք է հետազոտվեն, այդ թվում՝ ուսապարկի (որում թմրանյութ է հայտնաբերվել) զննության արձանագրությունը, վկաների հարցաքննությունը, հեռախոսային կապերի վերաբերյալ տվյալները և այլն։
Բաբայանը, սակայն, նշեց՝ յուրաքանչյուր կողմ, ներկայացնելով ապացույցը, պետք է նշի, թե ապացույցը կոնկրետ ինչ փաստական հանգամանք է հաստատում։
«Թող հանրային մեղադրողը ներկայացնի՝ որ վկայի ցուցմունքը ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում, որ գրավոր ապացույցը ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Մենք ցուցմունքների արժանահավատության հարց չենք քննարկում»,- ասաց նա։