«CyberHUB-AM»-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը
Վուչիչը պարտվեց Սերբիայում, Բոլսոնարուն՝ Բրազիլիայում։ Սրանք պարզապես հեռավոր քաղաքական իրադարձություններ չեն․ սրանք, ի թիվս այլ հանգամանքների, նաև հետևանք են սոցցանցային ալգորիթմերի և մեր մեդիասպառման սովորույթների փոփոխության։ Այս նույն պրոցեսը մենք մեր մաշկի վրա ենք զգում նաև Հայաստանում։
ՆՈՐԻՑ ԵՄ ԱՍՈՒՄ՝ ՍԱ ՄԻԱԿ ԳՈՐԾՈՆԸ ՉԷ, ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ Է, ԲԱՅՑ՝ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ
Պայմանական եկեք 2014–2018 թվականները անվանենք համաշխարհային պոպուլիզմի վերելքի շրջան։ Թրամփ, Բրեքզիթ և նման բաներ..
Այդ տարիներին Facebook-ի ալգորիթմը կառուցված էր «սոցիալական կապերի» և լուրերի շուրջ․ մենք անընդհատ տեսնում էինք այն, ինչը տարածում և ինչի շուրջ վիճում էին մեր ընկերները։ Հենց այդ ալգորիթմային ալիքի վրա Հայաստանում էլ ձևավորվեց «ֆեյսբուքահայաստանի» և «ֆեյսբուքահայության» ֆենոմենը, երբ Նիկոլ Փաշինյանն ու պաշտոնյաները լայվերով ու գրառումներով կառավարում էին հանրային տրամադրությունները։
Այդ միջավայրը սնում էր հուզական էյֆորիան, բևեռացումը և «ամբոխի բնազդը» (ոմանք դա ձևակերպում ավելի կոպիտ բառապաշարով՝ ամենամեղմը «զոմբիներ» բնորոշումն է)։
Սակայն TikTok-ի ի հայտ գալով՝ խաղի կանոնները փոխվեցին, Facebook-ն ու YouTube-ը մրցակցային ճնշման տակ նույնպես անցան «բացահայտման ալգորիթմների» (discovery algorithms)։ Լրահոսն այլևս չի պարտադրում ընկերների քաղաքական վեճերը կամ պաշտոնյաների լայվերը, այլ անհատականացված կերպով ցույց է տալիս ժամանց և կոնկրետ հետաքրքրություններ։
Արդյունքում՝ սոցցանցային պղպջակները սկսեցին պայթել։ Ամեն տեղ, նաև՝ Հայաստանում։
Երբ սոցցանցային արհեստական աղմուկը նահանջում է, քաղաքացին մնում է դեմ առ դեմ իրական կյանքի հետ և սկսում է շատ ավելի սթափ գնահատել քաղաքական գործիչներին։
Սա լուրջ ազդակ է բոլոր պոպուլիստների համար՝ Հայաստանից մինչև ԱՄՆ, որտեղ առջևում միջանկյալ ընտրություններն են, որոնք կարող են սահմանափակել Թրամփի ազդեցությունը։
Այն մեդիա-մեքենան, որը 2016–2018 թվականներին հանրային հույզերի վրա իշխանություն էր ձևավորում, նահանջել է։
Փոփոխությունների քամին սկսվել է հենց մեր էկրաններից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: