Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը լքել է իր պաշտոնը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով։ Սարալը հաստատել է իր հեռանալու փաստը։
Ըստ Սարալի՝ հենց Էրդողանն էր նրան նշանակել այդ պաշտոնին, և հենց նախագահն էլ այժմ կարգադրել է նրան հեռանալ։ Հարցին, թե արդյոք այս որոշումը կապված է Ադրբեջանի վերաբերյալ նրա վերջին արտահայտությունների հետ, խորհրդականը պատասխանել է. «Կարծես թե՝ այո»։
Ավելի վաղ Սարալը քննադատել էր Ադրբեջանում դպրոցական համազգեստին վերաբերող կանոնակարգերը՝ ի թիվս այլ փաստարկների նշելով, որ անընդունելի է սահմանափակումներ կիրառել հիջաբ կրող աշակերտուհիների նկատմամբ։ Նրա այս մեկնաբանությունները արձագանք են գտել Ադրբեջանում. ադրբեջանական կողմը նման հայտարարությունները որակել է որպես միջամտություն երկրի ներքին գործերին։