ԱՄՆ-ի հնարավոր հարվածներն Իրանի դեմ դուրս կգան ստատուս քվոն պահպանելու շրջանակներից․ CNN

Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածները դուրս կգան պարզապես ստատուս քվոն պահպանելու շրջանակներից, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Տարածաշրջանում ներկայումս տեղակայված են բավարար ուժեր՝ հնարավոր հարձակումներ իրականացնելու համար։ ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական գործողության մասշտաբը, հավանաբար, դուրս կգա պարզապես «խոտը հնձելու»՝ այսինքն ստատուս քվոն պահպանելու սահմաններից. թիրախում կհայտնվեն ռադարներ, արձակման կայաններ և իրանական այլ ռեսուրսներ, որոնք կարող են արագորեն վերականգնվել»,- գրել է CNN-ը։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ուժերը պատրաստ են Իրանի դեմ «նոր, միգուցե խոշոր ռազմական գործողություններ» սկսել նախագահ Դոնալդ Թրամփից հրաման ստանալուց հետո 96 ժամվա ընթացքում։

Իսրայելը հետաձգել է Իրանի ուղղությամբ հարվածները՝ մասամբ հակահրթիռային պաշտպանության միջոցների պակասի պատճառով, քանի որ պատերազմի ընթացքում երկրի պաշտպանական զինամթերքի պաշարները սպառվել են։

Ըստ CNN-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է Իրանի վրա նոր հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ թույլտվություն չի տվել դրանց համար՝ հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մոտալուտ լինելը։ «Ծրագրերը պատրաստ են և սպասում են Թրամփի հաստատմանը։ Դա կարող է տեղի ունենալ միջանկյալ ընտրություններից հետո»,- նշել է ծրագրերին ծանոթ աղբյուրը։

Կիրակի օրը Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտության առնչությամբ կանգնած է որոշում կայացնելու անհրաժեշտության առջև՝ կա՛մ «վերջ դնել» Իսլամական Հանրապետությանը, կա՛մ էլ համաձայնության գալ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին, ինչին Թեհրանը պատասխանել էր։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը հուշագիր էին ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն դրանից հետո կողմերը կրկին հարվածներ էին փոխանակել։ Հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment