Հանրահայտ AI լաբորատորիան, IPO անցկացնելու փոխարեն, նախապատրաստվում է մասնավոր ներդրումների նոր ռեկորդային փուլի, գրում է TechCrunch-ը։
Ըստ CNBC-ի աղբյուրների փոխանցման՝ OpenAI-ը մոտ է մասնավոր ֆինանսավորման հերթական հսկայական փուլն ամփոփելուն։ Ընկերությունը ծրագրում է ներգրավել մինչև 30 միլիարդ դոլար՝ 1․25 տրիլիոն դոլար նախնական գնահատմամբ (pre-money valuation)։ Ներդրումային այս փուլը գլխավորում են Coatue հիմնադրամը և Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) ներդրողները։
Այս նորությունը հաջորդում է Bloomberg-ի՝ մեկ ամիս առաջ հրապարակած նմանատիպ զեկույցին, որում նշվում էր, որ ChatGPT-ի ստեղծողը փորձում էր 30 միլիարդ դոլար ներգրավել 1․4 տրիլիոն դոլար գնահատմամբ։ Ըստ երկու պարբերականների՝ գործարքի պայմանները դեռևս քննարկման փուլում են, ուստի վերջնական թվերը կարող են փոխվել։ CNBC-ն նաև հավելում է, որ ՄԱԷ-ից ակնկալվող ֆինանսավորումը կարող է զուգորդվել OpenAI-ին լրացուցիչ հաշվողական հզորություններ (compute capacity) տրամադրելու համաձայնագրով։
OpenAI-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել լուրը։
Եթե OpenAI-ի գնահատականն այս փուլի արդյունքում գերազանցի 1 տրիլիոն դոլարի շեմը, այն կսահմանի պատմական ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ ամենաբարձր գնահատված մասնավոր ընկերությունը։ Սա էլ ավելի բարձր կբարձրացնի նշաձողը ընկերության առաջիկա IPO-ից (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) առաջ։ Հիշեցնենք, որ OpenAI-ը դեռևս հունիսին էր գաղտնի IPO-ի փաստաթղթեր ներկայացրել, որին նախորդել էր մարտին տեղի ունեցած ֆինանսավորման փուլը՝ ընկերությունը գնահատելով 852 միլիարդ դոլար։
Այս աստղաբաշխական գնահատականը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Anthropic-ի սպասվող IPO-ի վրա, որը, ըստ վերլուծաբանների, ավելի մոտ է իրականացմանը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Anthropic-ի հանրային S-1 հայտի հրապարակմանը կարող ենք ականատես լինել ցանկացած պահի։ CNBC-ն հայտնում է, որ Anthropic-ն իր հանրային դեբյուտի համար ակնկալում է 1․5-ից 2 տրիլիոն դոլարի գնահատում։ Հիշեցնենք, որ մայիսին Anthropic-ը ներգրավել էր 65 միլիարդ դոլար՝ 965 միլիարդ դոլար գնահատմամբ (ինչը շատերն համարում էին դեպի IPO տանող վերջին խոշոր փուլը) և հունիսին նույնպես գաղտնի դիմում էր ներկայացրել։