Մտորելու առիթ տվող տեսարան՝ Արթիկում․ քայլելու խնդիր ունեցող տարեց կինը մի կերպ մտավ ընտրատեղամաս

Այսօր Արթիկի ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս՝ թիվ 4 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում լրագրողական խումբն ականատես եղավ, թե ինչպես հենաշարժողական խնդիրներ ունեցող տարեց մի կին ոստիկանների օգնությամբ մի կերպ ներս մտավ ընտրատեղամաս՝ իր քաղաքացիական պարտքը կատարելու։ Նշենք, որ դրսում էլ հորդառատ անձրև էր, եղանակն էլ բարենպաստ չէր, նա էլ եկել էր բավական մեծ հեռավորությունից։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե  այդ վիճակում ինչպե՞ս է եկել քվեարկության, այն էլ  հարմարեցված  պայմաններ չունեցող ընտրատեղամասում։ Դպրոցի հատակը ևս համար չէր կնոջը քայլելու համար, նա սայթաքում էր, նրան օգնության հասավ հեռուստաօպերատորներից մեկը։ Պարզվեց կինը՝ Ալմարա Հովհաննիսյանը, որը 74 տարեկան է, իր ողջ կյանքում բարձր գիտակցությամբ է մոտեցել իր քաղաքացիական պարտքին, մշտապես մասնակցել է ընտրություններին։

«Եթե  մարդիկ ընտրություն են նշանակել, ուրեմն ժողովրդի կարիքն ունեն։ Մեր քաղաքում ամեն ինչ փոխված է, ես ամեն առավոտ օրհնում են  մայթերը սարքողներին, ասում եմ՝ երևի գիտեն, որ ես չեմ կարողանում քայլել, մայթերը սարքել են, ոտքս դնում եմ՝ ոտքիս տակը կարծես խալի լինի։ Ամեն առավոտ օրհնում եմ, լավ է, վատ չէ։

Եթե ընտրություն է, ուրեմն մարդիկ պարտավոր են, թեկուզ ընտրություն էլ չլինի, միջոցառում ձեռնարկեն, մարդկանց կարիք ունենան, ուրեմն մարդիկ պիտի աջակցեն»,-, ասաց տիկին Ալմարան։

Տեսարանն, անխոս, հուզիչ էր, մտորելու մեծ առիթ տվող․ կարծում ենք՝ այն օրինակ պիտի ծառայի ընտրություններին մասնակցելու ցանկություն չունեցող յուրաքանչյուր քաղաքացու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ թերևս պիտի մտածի հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների ընտական իրավունքը հարմարեցված, անվտանգ պայմաններում կազմակերպելու մասին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment