Արթիկում հնարավո՞ր է կրկնվի Գյումրու սցենարը․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն չի բացառում

Արթիկում  «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանի գնահատմամբ՝  այսօրվա ՏԻՄ ընտրություններին Արթիկ խոշորացված համայնքի բնակիչների մասնակցությունը  Ազգային ժողովի ընտրությունների հետ համեմատ՝ քիչ է։

«Մարդիկ երևի հիասթափված են, իրենց մոտ այնպիսի տպավորություն է, որ ընտրություններով բան չի փոխվի։ Ազգային ժողովի ընտրությունների հետ համեմատ՝ էական տարբերություն կա։ Եթե համեմատենք 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ՝ այս պահին պասիվ են», -ասաց նա։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Արթիկում կրկնվի Գյումրու սցենարը, երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր կոալիցիա կազմեն ու իշխանություն ձևավորեն Արթիկում՝ ՔՊ-ին ընդդիմադիր ուժ դարձնելով, Արթուր Աստոյանը պատասխանեց․ «Ամեն ինչ հնարավոր է՝ կախված արդյունքներից»։

Նա նշեց, երկու ուժերի՝ «Հայրենիք» կուսակցության և «Ազատ դեմոկրատների» հետ հնարավոր է համագործակցել, քանի որ քարոզարշավի ընթացքում իրենց ճիշտ են պահել, իսկ  ՔՊ-ի հետ  բացառվում է, քանի որ նրանք այնպիսի իրավիճակ  են ստեղծել, որ բացարձակ հնարավոր չէ համագործակցել, ամեն կարմի գիծ հատել են։

Անդրադառնալով ՔՊ-ի ինքնավստահ պահվածքին, թե միանձնյա իշխանություն են ձևավորելու համայնքում, Արթուր Աստոյանն ասաց․ «Դա նշանակում  է՝ այնքան վարչական ռեսուրս են կիրառել՝ համայնքային, պետական ռեսուրսներ, երևի թե միայն զորամասերը չեն ներառել այս գործընթացի մեջ, բայց նույնիսկ այս դեպքում սխալվելու են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment