Թեժ պայքար Կապանի ավագանու ընտրություններում․ ովքե՞ր են առաջադրվել

Նոյեմբերի 29-ին կայանալիք Կապան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրվել է երեք կուսակցություն՝ «Ապրելու երկիրը», «Շանթ դաշինքը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այսօր՝ հոկտեմբերի 25-ին անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջին օրն էր։

«Շանթ դաշինքի» ընտրացուցակի առաջին հորիզոնականում Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն է, երկրորդ տեղում՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադեւոսյանը,  իսկ 3-րդ տեղում Կապանի «Թումո» կենտրոնի համակարգող Անուշ Մեժլումյանն է։ Ընտրացուցակում 70 թեկնածու է։

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում  կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Վերջինիս հաջորդում է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, իսկ 3-րդ հորիզոնականում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարինա Ղազարյանն է։ Կառավարող ուժի ընտրացուցակում 71 թեկնածու է։

Կապանցի ընտրողին «Ապրելու երկիրը» ներկայանում է 23 հոգանոց ընտրացուցակով։ Առաջին երեք հորիզոնականում են՝ 43-ամյա Տիգրան  Աղասյանը, Կապանի ավագ դպրոցի ուսուցչուհի Սոֆյա Հարությունյանը եւ Արկադիա Լալազարյանը։

Կապանի ավագանու կազմը 27 անդամից է բաղկացած, իսկ ընտրողների թիվը 33340 է։

Առաջիկա 5 օրում N 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կգրանցի առաջադրված քաղաքական ուժերի ընտրական ցուցակները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment