Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ՀՀ նախագահության շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով պանելային քննարկմանը։
Նախարար Միրզոյան. «Մեզ համար պատիվ է հյուրընկալել այս կարևոր միջոցառումը՝ մեկ հարկի տակ համախմբելով կառավարությունների, գործարար և ֆինանսական շրջանակների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու փորձագետներին՝ քննարկելու մեր ժամանակների ամենահրատապ մարտահրավերներից մեկը. ինչպես համատեղել տնտեսական զարգացումն էկոհամակարգերի պահպանության և վերականգնման հետ, որոնցից կախված են մեր բարեկեցությունն ու, ըստ էության, գոյությունը»:
Մեր տարածաշրջանն անցնում է պատմական և հիմնարար վերափոխման փուլով։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման պայմաններում Հայաստանը ջանք չի խնայում ստանձնելու այն դերը, որն իսկզբանե կանխորոշված է աշխարհագրական դիրքով՝ դառնալու Սև ծովը, Կասպից ծովը և Պարսից ծոցը, Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը կապող խաչմերուկ՝ խաղաղության խաչմերուկ։
Սա ենթադրում է նաև գործընկերությունների և առևտրային կապերի դիվերսիֆիկացում։ Մեզ համար, և կարծում եմ՝ մեր օրերում շատերի համար, դիվերսիֆիկացումը դիմակայունության ապահովման ռազմավարություն է. բազմաթիվ գործընկերներ ունեցող երկիրը չի կարող կախվածության մեջ հայտնվել որևէ առանձին շուկայից։
Բազմակողմ համագործակցության, միջազգային գործընկերային հարաբերությունների և մեր գործընկերների հետ երկխոսության միջոցով մենք կարող ենք համախմբել քաղաքական աջակցությունը և նպաստել միջազգային տնտեսական համագործակցության համապատասխանեցմանը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր ընդհանուր հանձնառություններին։
Որպես COP17-ի նախագահող երկիր՝ Հայաստանը դիվանագիտությունը դիտարկում է որպես համաձայնության ձևավորման և համատեղ ջանքերի ամրապնդման կարևոր գործիք՝ ապահովելու, որ կենսաբազմազանության ոլորտում ստանձնած հանձնառությունները վերածվեն շոշափելի արդյունքների։
Կարծում եմ՝ կան երեք ուղղություններ, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք մեր համատեղ ջանքերում։
Առաջին՝ մենք պետք է ձևավորենք հետևողական և բարենպաստ քաղաքական միջավայր։
Երկրորդ՝ մենք պետք է համախմբենք ֆինանսական ռեսուրսներն ու տեխնոլոգիան՝ հանուն բնությունը պահպանող զարգացման։
Երրորդ՝ մենք պետք է ամրապնդենք հաշվետվողականությունը և իրական արդյունքների գնահատումը»։
ՀՀ ԱԳՄԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: