Արթիկում ընտրապայքարի դուրս եկած «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու էր երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման ենթարկել իր հինգ թիմակիցներին։ «Բերման ենթարկվածները հինգ հոգի էին, վկայի կարգավիճակ ունեցող էլ կար։ Բերման էին ենթարկել անհիմն ձայնագրությունների հիման վրա։ Տարեց կինը՝ Ալվարդը, որը 20-25 կամ երևի 30 տարվա հարևանուհի է մեր ցուցակի 6-րդ համարի՝ Զեփյուռի հետ, դեղ է խնդրել, տարել է, Ալվարդ տատի տղան այստեղ չէ, անհիմն բերման ենթարկեցին, մեզ կազմակերպչական աշխատանքներից հեռու պահեցին։ Չորս հոգու հակակոռուպցիոնից ազատ արձակեցին, Զեփյուռին էլ՝ դատարանից, փաստեր չկային որպես այդպիսին», -ասաց Լևոն Վահրադյանը։
Ըստ նրա, երեկվա դեպքը ճնշում էր իրենց նկատմամբ։
«Իշխող ուժն իր գործն է անում, մենք էլ՝ մեր գործը, լծակները իրենց ձեռքում են», -ասաց Լևոն Վահրադյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր առողջ ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցը կքննարկեն այն ժամանակ, երբ արդեն ընտրությունների արդյունքները պարզ կդառնան։ Դա կանեն ժողովրդի պահանջով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: