Ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման ծրագրի մրցութային բոլոր ընթացակարգերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին՝ Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման աշխատանքների մրցութային գործընթացը։

Կամրջի սկզբնական երկարությունը կազմել է 80 մետր, լայնությունը՝ 8 մետր։ Կառույցի 31 մետր բացվածքով կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին, և ներկայում պահպանվել են միայն կամրջի հենասյուների մնացորդները։

Պատմական կամրջի վերականգնման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի և Թուրքիայի համատեղ հանձնաժողովի համակարգմամբ։ Նախագծի իրականացման կարգն ու աշխատանքների շրջանակը սահմանող արձանագրությունը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմից՝ հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Վերականգնման ծրագրի հիմնական նպատակը Մետաքսի ճանապարհի կարևոր պատմամշակութային ժառանգության պահպանումն ու ապագա սերունդներին փոխանցումն է։

Պատմական Անի քաղաքատեղին 2016 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Անիի կամրջի վերականգնումը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում նախատեսված համատեղ նախագծերից է։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Leave a comment