«Եթե երեկոյան հաղթանակը չարձանագրեցինք, դա կլինի իմ մատնանշած խախտումների արդյունքը.  Գոհար Մելոյան

«Հաղթանակի ենք գնում, և հենց դրանով է պայմանավորված, որ մեր նկատմամբ այսպիսի արշավանքներ են սկսել։ ՔՊ-ն այն հանգամանքով, որ այս պահին մեր թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորված է, հաստատել է, որ «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Ստեփանավանում։

Եթե երեկոյան այդ հաղթանակը չարձանագրեցինք, ապա դա իմ կողմից մատնանշված խախտումների արդյունք կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները վախեր ունեն, քանի որ գիտեն՝ ստեփանավանցիները փոփոխություն են ուզում։

«Մի հատ տեսեք՝ ում հետ գործ ունենք։ Մեր առաջնորդ Սամվել Կարապետյանն այն անձն է, որի գործունեության արդյունքը ստեփանավանցիներն ու Լոռու մարզի բնակիչները տեսել են նրա ողջ կյանքի ընթացքում։ Տաշիրը կողքին է, և կարելի է տեսնել, թե ինչպիսին կարող է լինել քաղաքը և որքան բարեկարգված այն կարող է լինել։ Սամվել Կարապետյանն իր վաստակածն է ներդրել ու լուռ մեծ բարեգործություններ իրականացրել։ Եկեք մարդկանց գործով գնահատենք, ոչ թե խոսքով, որովհետև տեսնում ենք, թե ինչ զրկանքների ու զիջումների են հասցնում մարդկանց այս իշխանությունները՝ իրենց պերճախոս ձևակերպումներով»,- ասաց Մելոյանը։

Նա նկատեց, որ ՔՊ-ն արդեն ութ տարի է՝ կառավարում է երկիրը ու մարդկանց կյանքում ոչինչ չի փոխել. «Իրենցից ավելի նախկին էլ հնարավոր չէ պատկերացնել։ Մարդկանց կյանքում ոչ միայն բարեկարգումներ տեղի չեն ունեցել, այլև մարդիկ լրջագույն խնդիրներ ունեն։ Օրինակ՝ աշխատատեղերի հարցը, քանի որ երիտասարդները լքում են գյուղերը։ Չասեմ էլ, թե դպրոցների փակման գործընթացով ինչպես են նպաստում դրան։ Աշխատատեղեր չեն ստեղծվել։ Մինչդեռ «Ուժեղ Հայաստանը» հիանալի նախընտրական ծրագիր ուներ, և, բնականաբար, դրանում ներկայացված էին իրագործելի նախագծեր»:

Անդրադառնալով իրենց թեկնածուի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսագրությանը՝ Մելոյանն ասաց.

«Մանկապարտեզային մակարդակի խոսակցություններ եմ համարում այդ ամենի մեկնաբանությունները։ Այդ մոնտաժված կադրերի ձեռագիրը պարզ է։ Օպերատիվ-հատուկ միջոցառում է տեղի ունեցել, և պատկերացրեք՝ ինչ մասշտաբի հատուկ միջոցառումներ են մեր նկատմամբ իրականացվում։ Եփած հավի ծիծաղն էլ է գալիս, երբ ընդդիմությանը մեղադրում են կաշառք բաժանելու մեջ։ Այսպիսի խոշորացույցային քաղաքականության համատեքստում այդքան տկարամիտի տպավորություն եք թողնում։ Մենք դրա կարիքն էլ չունենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment