Արտահերթ ընտրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «բլե՞ֆ» է, թե՞ ոչ։ Հայաստանի հանրությունն արդեն երկու օր փորձում է կողմնորոշվել, կամ հանրային տարբեր խմբեր արդեն երկու օր փորձում են կողմնորոշել հանրությանը այդ հարցի պատասխաններից որեւէ մեկի ուղղությամբ։ Ոչ ոք, կամ ճնշող մեծամասնությունը չի հավատում, թե Նիկոլ Փաշինյանն այդքան հեշտ կարող է գնալ արտահերթ ընտրության։ Մյուս կողմից կա մեկ այլ հարց՝ իսկ առհասարակ, ինչի՞ն կարող է հեշտությամբ գնալ Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ շատերը կպատասխանեն, որ Փաշինյանը հեշտությամբ կգնա միայն Ադրբեջանին զիջելու։
Ինչ խոսք, դա կլինի դիպուկ, նկատելիորեն ճշգրիտ պատասխան։ Բայց, այդ դեպքում նա ինչո՞ւ հեշտությամբ չի գնում Սահմանադրության փոփոխության՝ Անկախության հռչակագրի չեղարկման ադրբեջանական պայմանը բավարարելուն։ Չունի անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն։ Հետեւաբար, Փաշինյանը գոնե այդ հարցում այդքան էլ հեշտությամբ չէ, որ կարող է բավարարել Ադրբեջանի պայմանն ու կատարել մի հերթական զիջում։ Հետեւաբար, Փաշինյանը հայտնվել է դժվար վիճակում եւ արտահերթ ընտրության մասին հայտարարությունը դրա հետեւանք է։ Բլեֆ է, թե ոչ, սա չէ էականը։ Որովհետեւ, նա իհարկե դժվար վիճակում կարող է դիմել նաեւ այդպիսի «բլեֆի»։
Հետեւաբար, այստեղ առաջանում է էական մյուս հարցը.իսկ հանրությունը, ընդդիմությունը պետք է անտեսի՞ այդ իրավիճակը, թե՞ փորձի «բլեֆը» վերածել իրականության։ Ի վերջո, չէ՞ որ Փաշինյանի համար այդ բարդ իրավիճակը ստեղծվել է հենց ընդդիմության ու հանրության համատեղ ընտրական աշխատանքի շնորհիվ, երբ նա չի կարողացել իր համար ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Իսկ Փաշինյանի համար բարդ իրավիճակը՝ հաշվի առնելով, որ նա հեշտությամբ գնում է միայն Ադրբեջանի պայմանները բավարարելուն, թերեւս համեմատաբար բարվոք իրավիճակ է Հայաստանի պետական շահի համար։ Ուրեմն պետք է մտային ռեսուրսներն ու էներգիան ծառայեցնել թեկուզ հնարավոր «բլեֆն» իրականության վերածելուն, այլ կերպ ասած՝ պետական ու հանրային շահի հարցում հունիսի 7-ի թեկուզ նվազագույն հաջողությունը զարգացնելուն։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: