Հոկտեմբերի 22-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հրավերով թեմի առաջնորդարան այցելեց Ռումինիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Վարներին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև պարոն Ժիլբեռ Կեխմանյանը։
Հանդիպման հիմնական առանցքը վերջին օրերին Ֆրանսիայում և եվրոպական մի շարք երկրներում սկիզբ առած լայնածավալ բողոքի ցույցերն էին՝ հատկապես դրանց անհամաչափ և հակաօրինական բնույթը։ Զրուցակիցները ջերմ և կառուցողական մթնոլորտում մտքեր փոխանակեցին ստեղծված կացության առնչությամբ և կարևորեցին ցանկացած իրավիճակում օրենքի ու ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը՝ անգամ եթե կարիք կա դժգոհություն արտահայտելու որևէ խնդրի առնչությամբ։
Վերջում թեմակալ առաջնորդը դեսպանին փոխանցեց վերոհիշյալ իրավիճակի առնչությամբ թեմի հայտարարության գիրը, որը ներկայացված է ստորև՝
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդի հայտարարությունը Ֆրանսիայում և եվրոպական մի շարք երկրներում բռնկված բողոքի ալիքի առնչությամբ
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի և Սեն-Էտիենի համայնքում իմ հոգևոր ծառայությունն իրականացրած անձ՝ ես հնարավորություն եմ ունեցել մոտիկից ճանաչելու նրա բնակիչների կյանքն ու հոգսերը։
Այսօր ցավով և խոր մտահոգությամբ ենք հետևում Ֆրանսիայում և եվրոպական մի շարք երկրներում բռնկված ցույցերին, ինչպես նաև դրանց ուղեկցող անկարգություններին և բռնության դրսևորումներին։
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր ձայնը բարձրացնելու, երբ առաջնորդվում է օրինավոր մտահոգությամբ կամ արտահայտում է հիմնավոր դժգոհություն։ Այդ իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկն է։ Սակայն որևէ պահանջ, որքան էլ այն արդարացի և օրինավոր լինի, չի կարող արդարացնել բռնությունը, թալանը, ավերածությունները կամ ուրիշի ունեցվածքի և արժանապատվության նկատմամբ որևէ ոտնձգություն։
Ցավալի է տեսնել, թե ինչպես բազմաթիվ քաղաքներում խաղաղ բողոքի ցույցերը վերածվել են իսկական կողոպուտի և ավերածությունների՝ տրանսպորտային միջոցների հրկիզում, առևտրային կետերի թալան, պետական և մասնավոր սեփականության ոչնչացում, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պղծում։ Այդ պահից այլևս խոսքը բողոքի ձայնը լսելի դարձնելու մասին չէ, այլ այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են հասարակության խաղաղությանն ու համերաշխությանը։
Մեզ՝ քրիստոնյաներիս համար, հատկապես կարևոր է հիշել, որ արդարության ճանապարհը չի կարող անցնել ատելության և բռնության միջով։ «Երանի խաղաղարարներին»,— ասում է մեզ Տերը (Մատթ. 5։9)։ Խաղաղությունը թուլություն չէ, ինչպես որ օրենքի նկատմամբ հարգանքը չի նշանակում հրաժարվել արդարացի պահանջից։ Քրիստոս մեզ սովորեցնում է ոչ թե քանդել, այլ կառուցել, ոչ թե ատել, այլ սիրել, ոչ թե բաժանել, այլ հաշտեցնել։
Յուրաքանչյուր պայքար, որքան էլ արդարացի լինեն դրա պահանջն ու նպատակը, կորցնում է իր բարոյական արժեքը, երբ վերածվում է պետական և մասնավոր ունեցվածքի ոչնչացման ու ավերման՝ բազմաթիվ մարդկանց կողմից, որոնք, մեր հեռուստաէկրաններին տեսած պատկերների համաձայն, այն ուսանողները չեն, ովքեր պահանջում են ուսումնական հաստատություններում ավելի լավ պայմաններ՝ իրենց կրթությունը շարունակելու համար…
Կոչ ենք անում յուրաքանչյուրին ցուցաբերել հանդարտություն, զսպվածություն և պատասխանատվություն։ Թող բողոքի ձայնը լինի հստակ և վճռական, սակայն թող այն երբեք չվերածվի ատելության և ավերածության։
Թող իշխանություններն էլ լսեն ժողովրդի օրինավոր ձայնը և իմաստությամբ ու երկխոսության միջոցով ստեղծված իրավիճակը առաջնորդեն դեպի խաղաղ հանգուցալուծում։
Այս դժվարին օրերին աղոթում ենք Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի խաղաղության, նրանց ժողովուրդների միասնության և իմաստության համար։
Թող Աստված պահպանի աշխարհի այս գեղեցիկ հատվածը ատելությունից և բռնությունից և առաջնորդի մեզ բոլորիս խաղաղության, արդարության և եղբայրության ճանապարհով։
Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան,
Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց
Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի
Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: