Հոկտեմբերի 22-ին Ֆակտոր TV-ն հրապարակել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված մի դիմումի վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին Անկախ դիտորդը տեղեկացել էր նաև երկարաժամկետ դիտարկման ընթացքում:
Այն է՝ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը համայնքային ենթակայության հիմնարկի տնօրեն է նշանակել սխալ պատասխաններ տված թեկնածուին՝ պատճառաբանելով, որ դա իրենից պահանջել են Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը՝ իրեն առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու նշանակելու դիմաց։
Հրապարակման մեջ փաստվում է, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ով նաև եղել է մրցութային հանձնաժողովի անդամ, հաստատում է դիմումատուի այն պնդումը, ու վերջինս պատասխանել է 5 հարցի, մյուս մասնակիցը 3 հարցի։ Փաստ է այն, որ այս պարագայում 5 հարցի ճիշտ պատասխան տվածը պետք է ստանար 5 (գերազանց) գնահատական, մյուս մասնակիցը 3 (բավարար), որը սակայն չի իրականացվել։
Սպիտակում ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին, ըստ դաշինքի աղբյուրների՝ կուսակցության տարածքային կառույցի որոշմամբ Քաջայր Նիկողոսյանը կրկին լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն։
ՀՀ վարչապետի անունով ներկայացված դիմումը վկայում է մի շարք հանցագործությունների մասին, որոնց քննության կարիքը հրատապ է։
Դիմումից բխում է, որ Քաջայր Նիկողոսյանը
– շահադիտական նպատակներով չարաշահել է իր լիազորությունները,
– քաղաքական կողմնակալություն է ցուցաբերել վարչական պաշտոնյայի նշանակման հարցում,
– իսկ Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը, նրան ճնշման են ենթարկել, ինչը և պաշտոնական դիրքի չարաշահում է և կարող է ընկալվել, որպես ընտրական իրավունքի խոչընդոտում։
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի անմեղության կանխավարկածը չխախտելով (և ի գիտություն ընդունելով լրատվամիջոցին Վահագն Հովակիմյանի հերքումը), Անկախ դիտորդը վստահ է, որ նկարագրված դեպքը խիստ մանրամասն քննության և հրապարակային հրատապ պարզաբանումների կարիք ունի։
«Անկախ դիտորդ» դաշինքը անթույլատրելի է համարում վարչական պաշտոններում քաղաքական նպատակահարմարությամբ և հովանավորչությամբ նշանակումները։
«Անկախ դիտորդ» դաշինք
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: