«Այս փուլում այլ բան սպասելը բարդ էր». Սեդրակ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը կմնա կալանավորված․ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հակոբ Կյուրեղյանը։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր հրապարակեց որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարացվեց ևս երկու ամսով։

Այս փուլում այլ բան սպասելը բարդ էր՝ ասաց պաշտպանը՝ հաշվի առնելով իշխող ուժի կողմից դատական իշխանության վրա բացահայտ ճնշումները։ Նա հավելեց, որ որոշումը բողոքարկվելու է։ Դատարանը մերժել է նաեւ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Հակոբ Կյուրեղյանի փոխանցմամբ՝ դատական նիստերն ընթանում են հակառակ տրամաբանությամբ՝ ոչ թե դատախազությունն է հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է կալանքը երկարացվի, այլեւ պաշտպանական կողմն է ծավալուն հիմնավորումներ ներկայացնում, թե ինչո՞ւ չպետք է կալանքը երկարացվի․ «Նիստերն ընթանում են այն կանխավարկածով, որ պաշտպանության կողմն է պայքարում՝ ազատության կանխավարկածը հաստատելու համար եւ իրավական առումով, պաշտպանության կողմի փաստարկները բավական ամուր են, այլ հարց է, որ դրանք հաշվի չեն առնվում»։

Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան, դատարանն ավարտեց դատախազության միջնորդության քննարկումը՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին։ Դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը։ «Այսինքն, դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունն իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով։ Ինչը նշանակում է, որ դրանցով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել։  Նաև վերաքննության կարգով ստուգման են ենթարկվել, մնացել է նույնը, և այդ 5-ի  մասով պետք է բերվեին հավելյալ տվյալներ, ինչը ներկայումս մենք չունենք»,- ասել էր Ալեքսանդր Կոչուբաևը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17։30-ին։ Միջնորդությունը քննվեց ավելի քան 12 ժամ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանից դուրս գալուց հետո, լրագրողներին ասաց. «Գործը երկար տևեց, որովհետև միջնորդության հետ կապված բավականին երկար հարցադրումներ կան, որի մեջ նաև մեղադրանքն էր։ Այդտեղ հիմնավորումներն էին հիմնավոր կասկածի ենթադրյալ ամրապնդման մասին, նաև մեր պնդումը ամբողջությամբ հերքման նաև կալանքի հիմքերի հետ կապված։ Մենք բավականին շատ նյութ ենք ներկայացրել, որով հերքվում էր ուղղակիորեն կալանքի անհրաժեշտությունը։ Պրոցեսը բավականին ինտերակտիվ է եղել, դատարանը հարցեր ուներ, կողմերը իրար հարցեր ունեին, եղան ելույթներ։

Այս ամբողջ ինֆորմացիայի ֆոնի վրա, խափանման միջոցը կալանք չպետք է կիրառվի, բայց հիմա տեսնենք մնացած հանգամանքները: Հստակ ներկայացվել է գործընթացը, հստակ ներկայացվել է եզրահանգումների կառուցվածքը, որ ի սկզբանե եթե ենթադրում ենք, որ անձը մեղավոր է, հետո փորձում ենք մնացած ամեն ինչը դրա տակ կառուցել, կարող է գանք այս եզրահանգման։ Բայց եթե փորձում ենք նյութերը օբյեկտիվորեն նայել և դրանք գնահատել օբյեկտիվորեն, ամբողջ կոնտեքստում հասկանում ենք, որ այն վարկածը, որը առաջ է քաշում մեղադրանքը, ընդհանրապես չի դիմանում քննադատության։

Դրանից բացի մի շարք պնդումներ կան, որոնք իրենք բնույթով հակասահմանադրական են։ Այսինքն նախագահի կողմից վավերացված կառավարության որոշումները, որոնք ուժի մեջ են, դրանց քրեադատավարական գնահատական տալը, քանի դեռ դրանք չեն վերացվել դատարանի կողմից, ինչ-որ ենթադրյալ մեկնաբանություններ, «մենք այդպես ենք մեկնաբանում» տրամաբանությամբ, հակասահմանադրական է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment