Պուտին․ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ՝ վերջնական խաղաղ համաձայնագրի հասնելու, այլ ոչ թե մարտական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վերջնական տարբերակով, այլ ոչ թե ինչ-որ կարճ ժամանակահատվածով մարտական գործողությունները կասեցնելու արդյունքում: Մենք պատրաստ ենք վերսկսել այդ շփումները նշված նպատակին հասնելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե մենք քննարկենք ապագայում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման հետ կապված հարցերը, ապա, բնականաբար, պետք է խոսել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին»,-նշել է նա:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, ՌԴ-ն էլ չի ցանկանում ու չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ: Իսկ նրանք, ովքեր ձգտում են Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, գիտակցում են կյանքի իրողությունները և կհասկանան, որ ՌԴ-ի հետ ավելի լավ է ապրել համերաշխ:

«Դա համապատասխանում է նրանց ժողովուրդների շահերին, որովհետև, եթե նայենք նույն Եվրոպայում ընթացող քաղաքական գործընթացներին, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հետ պատերազմել Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում: Ուզում եմ, որ մեզ լսեն՝ մենք նույնպես չենք ցանկանում, մենք չենք պատրաստվում որևէ տեսակի պատերազմի Եվրոպայի հետ»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան հիմա էլ պատրաստ է պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել ուկրաինական հակամարտության շուրջ:

«Մենք հիմա էլ պատրաստ ենք պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել այս ծանր, բարդ իրավիճակից՝ այն իմաստով, որ նրանք մեզ բարեկամ ժողովուրդ են»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Sputnik Արմենիա

Leave a comment