Սկիզբը՝ այստեղ:
«Փաստինֆոն» շարունակում է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի» խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին:
Այսօր վերլուծում ենք «Պետական իշխանության դեմ հանցագործություններ» խմբի մեղադրանքները.
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 278.1 — Իշխանության բռնի զավթմանը կամ բռնի պահմանը կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ
Վերագրվող արարք. Պետնախարարի պաշտոնի ընդունումը (04.11.2022–23.02.2023)՝ որպես իշխանության զավթում «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում»։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Բռնության կամ դրա սպառնալիքի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։ Հիմքում ընկած են միայն Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակման և ազատման փաստը և Վարդանյանի մինչդատական ցուցմունքը, որտեղ նա նկարագրում է իր գործառույթները՝ որպես տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող պատասխանատուի։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 20 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Այս հոդվածի պարտադիր տարրը բռնությունն է։ Դատավճիռը ոչ մի բռնի գործողություն չի նկարագրում։ Ռուբեն Վարդանյանն, ըստ էության, նշանակվել է 1991 թվականից գոյություն ունեցող վարչակազմի պաշտոնում։ Եվ այս ամենն այն կարգի պայմաններում, որը սահմանել էր Ադրբեջանի իսկ ստորագրած եռակողմ հայտարարությունը (09.11.2020)։
Ամենաակնհայտ հակասությունն այն է, որ 3,5 ամիս անց նա կամավոր հրաժարական է տվել։ Իշխանությունը «բռնի պահողը» ինքնակամ հեռանում է. այս երկու պնդումը միաժամանակ ճիշտ լինել չեն կարող։ Ստացվում է, որ վարչական նշանակման ընդունումն ու մի քանի ամսվա տնտեսական աշխատանքը որակվել են որպես պետական իշխանության բռնի զավթում՝ 20 տարվա պատժով։
Հոդված 279.3 (279.1 և 279.2 հանված) — Օրենքով չնախատեսված զինված կազմավորումների ստեղծում, դրանց կազմում հարձակումներ՝ մարդկանց մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառմամբ
Վերագրվող արարք. «Մասնակցություն զինված կազմավորումների ստեղծմանը և գործունեությանը, դրանց մատակարարում զենքով, ղեկավարում, ուսուցման և հարձակումների կազմակերպում». վարժանքներ Բադարա գետի մոտ (մայիս–օգոստոս 2023) ։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ծանր հետևանքի՝ մարդկանց մահվան, և կոնկրետ կազմավորման գործողությունների միջև պատճառական կապը հաստատողապացույց չկա։ Հիմքում ընկած են Մ. Գրիգորյանի և Կ. Հայրապետյանի (նրանք տեղահանումից հետո Արցախում մնացած փոքրաթիվ հայերից էին, որոնց Ադրբեջանն օգտագործել է Ռուբեն Վարդանյանի դեմ մտացածին ցուցմունքներ տալու համար-խմբ) ցուցմունքները և «օպերատիվ տեղեկությունները», այդ թվում՝ 70 000 դոլարի զինվորական համազգեստի մասին։ Երկու վկաների դատարանում տված ցուցմունքները տարբերվում են միմյանցից և իրենց իսկ նախաքննական ցուցմունքներից, մինչդեռ նախաքննական գրավոր տարբերակները գրեթե բառացի նույնական են ։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 20 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Այս հոդվածը կիրառելու համար պետք է լինեն ծանր հետևանքներ՝ մարդկանց մահ, և կապ այդ մահերի ու կոնկրետ կազմավորման գործողությունների միջև։ Դատավճիռն այդ կապը ոչ մի դեպքում չի հաստատում, բայց նշանակում է 20 տարի։ Արցախի Պաշտպանության բանակը գոյություն ուներ 1992 թվականից, ուստի դրա «ստեղծումը» Վարդանյանի կողմից անգամ ժամանակագրորեն անհնար է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: