Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կինոդարան» հարթակի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայկական տեսալսողական բովանդակության զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային նախագծերի իրականացման, երեխաների և երիտասարդների համար հայալեզու կրթամշակութային ծրագրերի մշակման և հանրահռչակման հարցերն ու համագործակցության հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարևորել է մասնավոր նախաձեռնությունների դերը մշակութային նոր բովանդակության ստեղծման և հայկական մշակութային արտադրանքի զարգացման գործում։ Նա ընդգծել է ժամանակակից ձևաչափերի միջոցով մշակույթը հանրության՝ հատկապես երիտասարդ սերնդի համար առավել հասանելի և հետաքրքիր դարձնելու անհրաժեշտությունը։

«Կինոդարան» հարթակի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է հարթակի գործունեությունը, սեփական արտադրության ֆիլմերի, սերիալների, անիմացիոն և այլ տեսալսողական նախագծերի զարգացման ուղղությունները։

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Վալդակար» մանկական անիմացիոն նախագծին, որի նպատակն է երեխաներին հայ արվեստի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներին ծանոթացնելը։ Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է նաև հարթակի՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող նախագծերն ու հայկական արտադրությունն ավելի լայն լսարաններին հասանելի դարձնելու նախաձեռնությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և մշակութային հաստատությունների հետ համագործակցությանը, հայկական մշակութային արտադրանքի միջազգային հանրահռչակմանը և այլ հարցերի։

Կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակութային նախագծերի ստեղծումը՝ ոլորտում ստեղծագործական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմամբ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքային քննարկումները՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների շրջանակը և իրականացման հաջորդ քայլերը հստակեցնելու նպատակով։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment