Այս կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրություններում հինգ համայնքում ընտրողներն այլընտրանք չեն ունենա․ Արմավիրում, Վարդենիսում, Ախուրյանում, Վայքում և Գառնիում ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընդդիմադիր ուժեր այս համայնքներում ՔՊ-ի հետ ընտրապայքարի մեջ չեն մտնի։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ 19-ում՝ համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։
Ինչ է լինում, երբ ՏԻՄ ընտրություններին մեկ կուսակցություն է մասնակցում
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, քվեարկությունն անցկացվում է «կողմ» և «դեմ» քվեաթերթիկներով։ Քաղաքական ուժը պետք է 50 տոկոսից ավելի կողմ ձայն հավաքի, որպեսզի ավագանի ընտրվի։
Այս տարի նման դեպք արձանագրվեց սեպտեմբերի 27-ին՝ Թումանյան համայնքի ավագանու ընտրություններում։ Ընտրություններին մասնակցում էր միայն մեկ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը։ ՔՊ-ն ստացավ շուրջ 95 տոկոս կողմ ձայներ։
Սակայն եթե Թումանյանի ընտրություններին մասնակցեր նաև ընդդիմադիր որևէ ուժ, ապա այն կարող էր ավագանիում մանդատ ստանալու հնարավորություն ունենալ՝ նույնիսկ քիչ ձայների ստանալու և անհրաժեշտ շեմը չհաղթահարելու դեպքում։
Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և դաշինքների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Եթե ընտրություններին մասնակցել է 3 կամ ավելի քաղաքական ուժ, բայց ընտրական շեմը հաղթահարել են երեքից պակասը, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են ամենաշատ ձայներ ստացած երեք ուժերը՝ անկախ այն հանգամանքից, որ բոլորը չեն հաղթահարել սահմանված շեմը։ Եթե մասնակցել է ընդամենը 2 քաղաքական ուժ, մանդատների բաշխմանը մասնակցում են երկուսն էլ՝ անկախ նրանց ստացած ձայների տարբերությունից։
Ընտրական իրավունքի փորձագետ Վարդինե Գրիգորյանի պարզաբանմամբ՝ այս կարգավորումը հնարավորություն է տալիս, որ ընտրություններին մասնակցած երկու քաղաքական ուժերի դեպքում նույնիսկ ձայների զգալի տարբերությունը չբացառի երկրորդ ուժի ներկայացվածությունը ավագանիում։
«Եթե նույնիսկ մեկ մանդատի բավարար չի ձայները, առնվազն մեկ մանդատ ստանում են, մնացածը՝ հաղթած ուժը»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։
Փորձագետի խոսքով՝ մինչև 2021-ին ՏԻՄ օրենսդրության փոփոխությունը, եթե համայնքում ընտրություններին մասնակցում էր միայն մեկ ուժ, ընտրությունները չէին կայանում։
«Ավելի փոքր գյուղերում և տարբեր համայնքներում ձևական ինչ-որ մեկը գրանցվում էր՝ որպես երկրորդ թեկնածու, վերջին պահին ինքնաբացարկ էր հայտնում։ Այսինքն ի սկզբանե տրամաբանությունը մրցակցություն ապահովելն էր, բայց ուղղակի շահարկվում էր, օգտագործվում էր, որ ձևական ինչ-որ մեկը գրանցվի։ Ընդ որում՝ այնքան ակնհայտ էր արվում, որ մեր դիտորդներին ասում էին, թե հորեղբայրս է համայնքապետ, ես ուղղակի առաջադրվել եմ ձևական, կամ տեղակալն էր առաջադրվում, հետո ինքնաբացարկ հայտնում, արդյունքում քվեարկության օրը մեկ է՝ քվեարկում էին՝ կողմ կամ դեմ»,- նշում է Գրիգորյանը։
ԱԺ ընտրությունների դեպքում օրենքը նախատեսում է խորհրդարանում առնվազն երեք քաղաքական ուժի ներկայացվածության երաշխիք։ Ստացվում է՝ ՏԻՄ-ի դեպքում նման մեխանիզմ չկա․ ընտրություններին կարող է մասնակցել մեկ կամ երկու ուժ։ Իսկ եթե մասնակցում է առնվազն երեք ուժ, բայց ընտրական շեմը հաղթահարում են երեքից պակասը, մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երեք ուժերը։
Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ այս կիրակի համայնքների մեծ մասում մանդատների պայքար չի լինի, որոշ չափով մրցակցային են միայն Մեղրի, Մարտունի, Արթիկ և Ստեփանավան համայնքների ավագանու ընտրությունները, որոնցում ավագանու մանդատների համար պայքարում է 4 ուժ։
Ինչու է ընդդիմությունը պասիվ մասնակցության առումով
Ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր ուժերի պասիվությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցում։ Խորհրդարանական ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ որպես պատճառ հաճախ նշում են «ընդդիմության նկատմամբ ճնշումների և քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումների» մասին։
Միաժամանակ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցելու և համայնքներում իշխանության «թևերը կտրելու» մտադրության մասին։ ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժը, սակայն, մասնակցում է միայն Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ընտրություններին։ Կուսակցության ընտրական ցուցակի 55 անդամներից չորսը ինքնաբացարկ են ներկայացրել։
Ստեփանավանում քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են իրենց թիմակիցների նկատմամբ «քաղաքական հետապնդումների և վարչական ռեսուրսի օգտագործման» դեպքերի մասին։
Այս ահազանգերին հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել։ Նա քաղաքացիներին ու թեկնածուներին կոչ էր արել ապօրինի ճնշումների դեպքում անմիջապես դիմել իրեն։
Փաշինյանը հայտնել էր, որ 3 հաղորդում է ստացել։ Դրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հրապարակային ելույթի հղումն էր, որտեղ նա խոսում էր հնարավոր ճնշումների և քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատումների մասին։
Մյուսը տեսանյութ էր, որում երեխան քարոզչական բնույթի ելույթ էր ունենում, իսկ երրորդ նամակի հեղինակը, թեև աջակցում էր Փաշինյանի քաղաքականությանը, դժգոհություն էր հայտնել իր համայնքում առաջադրված ՔՊ թեկնածուից։
Փաշինյանի խոսքով՝ պատգամավորի ներկայացրած ահազանգն ուղարկել է ստուգման համապատասխան տեսչական մարմին, իսկ երեխայի մասնակցությամբ տեսանյութի հարցով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից 14 անձի է ձերբակալել, որոնցից մեկն էլ՝ Ստեփանավանում համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանն է, որին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է։
Հակակոռուպցիոն կոմիտեն համայնքապետի թեկնածուին մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, իսկ նրա հետ ձերբակալված մյուս 13-ին անձին՝ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև՝ ընտրակաշառք ստանալու համար:
Ավելի վաղ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում ասել էր, թե մասնակցելու են այն համայնքներում, որտեղ հաղթելու մեծ հավանականություն կունենան։ Ստացվում է՝ այս դեպքում, «Ուժեղ Հայաստան»-ը կամովին զրկում է իրեն ավագանում մանդատներ վերցնելու երաշխիքից։
Ինչ պատկեր էր 2021-ի ՏԻՄ ընտրություններին 2026-ին միայն մեկ թեկնածու առաջադրած համայքններում
Վարդենիսում, որտեղ առաջիկա ընտրություններին միայն ՔՊ-ն է առաջադրված, նախորդ ընտրություններին շատ ավելի աշխույժ մրցակցություն է եղել։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցել է երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» ու «Միասնական Վարդենիս» դաշինքները։
Թեև ՔՊ-ն ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել (6163 ձայն), համայնքի ղեկավարի ընտրության հարցում վճռորոշ դարձավ ընդդիմադիր երկու դաշինքների համագործակցությունը։ Սակայն կոալիցիայի ձևավորումը և համայնքի ղեկավարի ընտրությունը ուղեկցվեցին վեճերով ու իրավական գործընթացներով։ ՔՊ-ն հաշտ չէր արդյունք հետ և վերահաշվարկ պահանջեց վեց տեղամասում։ Արդյունքում 27 անդամից բաղկացած ավագանիում ՔՊ-ն ուներ 13, իսկ երկու ընդդիմադիր դաշինքները միասին՝ 14 մանդատ։
Դեկտեմբերի 7-ին երկու դաշինքները համագործակցության հայտարարություն ստորագրեցին՝ պայմանավորվելով միասին ձևավորել համայնքի տեղական իշխանության մարմինները և առաջադրել համայնքի ղեկավարի համաձայնեցված թեկնածու։ Այդ թեկնածուն «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանն էր, որն էլ դեկտեմբերի 30-ի անդրանիկ նիստում ընտրվեց այդ պաշտոնում։
Այսօր արդեն գործող համայնքապետը, նախկին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանը ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է․ նա է գլխավորում ընտրական ցուցակը։
Արդեն երկրորդ անգամ անընդմեջ ընտրապայքար չի լինի Արմավիրում։ ՔՊ ընտրական ցուցակի առաջին համարն այստեղ Վարշամ Սարգսյանն է։ Նա 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Արմավիրի ՏԻՄ ընտրություններից հետո համայնքի այն ժամանակվա ղեկավար Դավիթ Խուդաթյանի առաջարկությամբ և ավագանու անդամների միաձայն «կողմ» քվեարկությամբ 2021 նշանակվեց Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
2024 թվականի հունվարի 15-ին Արմավիր համայնքի ավագանու կողմից Սարգսյանը Արմավիրի համայնքապետ ընտրվեց։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ։
Վայոց ձորի Վայք համայնքի 2021-ի ՏԻՄ ընտրություններին չորս քաղաքական ուժ էր մասնակցում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հայրենիք» և «Ազատական» կուսակցությունները։
Թեև ՔՊ-ն ամենաշատ ձայներն էր ստացել, ավագանիում մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ էր համագործակցել այլ քաղաքական ուժի հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ազատական» կուսակցության համագործակցության արդյունքում Վայքի համայնքապետ դարձավ Մխիթար Մաթևոսյանը։ Վարչապետի որոշմամբ՝ Մաթևոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել դեռ ընտրություններից առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին։
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ՔՊ ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ Զավեն Մանուկյանն է։ 2021-ի ավագանու ընտրություններին երեք ուժ էր մասնակցում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն և «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքները։
ՔՊ-ն կրկին ամենաշատ ձայներն էր ստացել, սակայն 27 մանդատ ունեցող ավագանիում մեծամասնություն չուներ։ Արդյունքում ընդդիմադիր երկու դաշինքները միասին վերցրին համայնքի ղեկավարումը, իսկ համայնքապետ ընտրվեց «Ախուրյան» դաշինքի թեկնածու, ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանը։
2023 թվականի հուլիսին Արծրուն Իգիթյանը հրաժարական ներկայացրեց՝ որպես պատճառ նշելով առողջական խնդիրները։ Հուլիսի 19-ին ավագանին արտահերթ նիստում ընտրեց նոր համայնքապետ։ ՔՊ խմբակցությունն առաջադրեց Զավեն Մանուկյանի թեկնածությունը, որն այդ ժամանակ Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրենն էր։ Մանուկյանն ընտրվեց համայնքի ղեկավար ավագանու 17 ներկա անդամների քվեարկությամբ․ նրանցից 15 կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։
Կոտայքի մարզի Գառնի համայնքում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հանրապետություն» կուսակցությունը։ 15 մանդատ ունեցող ավագանիում ՔՊ-ն վերցրեց 10 մանդատ, «Հանրապետություն»-ը՝ 5: Ստացվում է՝ Գառնիում ընտրություններին մասնակցել էր երկու ուժ, և երկու ուժն էլ մանդատներ ստացան՝ անկախ ձայների տարբերությունից։
Այսպիսով, 2021-ի ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս համայնքներում ընդդիմադիր ուժերի մասնակցությունը կարող էր ապահովել նրանց ներկայացվածությունն ավագանիում, իսկ որոշ դեպքերում՝ նաև ազդել համայնքի ղեկավարի ընտրության վրա։
Այս տարի այդ հնարավորությունը բաց կթողնվի այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը չի առաջադրել թեկնածուներ։ Հատկանշական է նաև, որ այս համայնքներից երեքում՝ Վարդենիսում, Վայքում և Ախուրյանում, 2021-ին ՔՊ-ն ավագանիում մեծամասնություն չուներ, և համայնքի ղեկավարի ընտրության հարցում վճռորոշ դարձավ այլ քաղաքական ուժերի համագործակցությունը։
Անի Թամրազյան