Վեհափառ հայրապետի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստի ընթացքում այսօր դատարանն անդրադարձել է մեղադրյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին՝ հետազոտելով վարույթում առկա համապատասխան փաստաթղթերը։
Վեհափառ հայրապետի եղբոր՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ դատարանը հետազոտել է 2025 թվականի մեկ այլ քրեական գործի տվյալները, որոնց համաձայն՝ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է երեք տարվա փորձաշրջան։
Վեհափառ հայրապետի եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի մասով դատարանն ուսումնասիրել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկանքը, ըստ որի՝ նրա վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ առկա չեն։
Դատարանը հետազոտել է նաև բուժհաստատություններից ստացված տեղեկանքները, որոնք վերաբերում են Գևորգ Ներսիսյանի առողջական խնդիրներին։
Պաշտպաններից Սմբատ Մինասյանը միջնորդեց Համբարձում Ներսիսյանի մասով որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի առնել նաև նրա՝ երեք անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։ Նրանցից մեկը մանկահասակ է։ Պաշտպանը նշել է նաև, որ Համբարձում Ներսիսյանի խնամքի տակ են գտնվում նրա թոշակառու ծնողները։
Մեղադրողը Համբարձում Ներսիսյանի համար պահանջել է յոթ տարվա, իսկ Գևորգ Ներսիսյանի համար՝ երեք տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկում։
«Մեղադրողի այս մոտեցումն ինձ համար անհասկանալի է։ Ինչո՞ւ երեք տարի և վեց ամիս։ Թող միանգամից վեց տարի պահանջեին, շատ ուզեն՝ միանգամից ցմահ ազատազրկում պահանջեին»,- հեգնեց պաշտպանը։
Նա նշեց, որ իր պաշտպանյալները չեն ընդունում մեղադրանքը, և ներկայացրեց նրանց նկատմամբ պատժի նշանակման վերաբերյալ իր առաջարկները։
Պաշտպանի խոսքով՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ պետք է նշանակվի նվազագույն պատիժ, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվի՝ սահմանելով փորձաշրջան։
Համբարձում Ներսիսյանի մասով պաշտպանը առաջարկել է նշանակել չորս տարի երեք ամիս ժամկետով ազատազրկում՝ կրկին պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու պայմանով։
«Ոչինչ չանելու համար առնվազն վեց ամիս են տալիս, իսկ այս դեպքում ոչինչ չանելու համար յոթ տարի տալը շատ է»,- ասաց պաշտպանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: