Ադրբեջանն և Հայաստանն արդեն ապրում են դե ֆակտո խաղաղության պայմաններում․ Ամիրբեկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանն ու Հայաստանն արդեն ապրում են դե ֆակտո խաղաղության պայմաններում։ Այս մասին, ինչպես հայտնում է The Brussels Times-ը, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ամիրբեկովը Բրյուսել է ժամանել՝ բելգիացի գործընկերների, ինչպես նաև Եվրոպական միության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի կառույցների ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով։

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովով մեկնարկել է խաղաղության ամրապնդման շատ կայուն գործընթաց։ Ամիրբեկովի խոսքով՝ այդ մթնոլորտը լիարժեք և երկարաժամկետ խաղաղության վերածելը Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն է, որը կիսում է նաև Հայաստանը։

Նա թվարկել է այդ ժամանակից ի վեր ձեռնարկված մի շարք կոնկրետ քայլեր։ 2025 թվականի վերջին սկսվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Սահմանազատման գործընթացը շարունակվում է, երկու կառավարությունները կանոնավոր կապեր են պահպանում բոլոր մակարդակներում, իսկ գործընթացում ներգրավվել է նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունը։

Որպես օրինակ՝ Ամիրբեկովը նշել է ադրբեջանական դիզելային վառելիքի արտահանումը Հայաստան։

«Մեկ տարի առաջ սա կարող էր գիտական ֆանտաստիկա թվալ, սակայն այսօր դա իրականություն է», — ասել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան տևական խաղաղությունը բնորոշել է որպես բոլոր կողմերի համար շահեկան իրավիճակ՝ ընդգծելով, որ դրանից կշահեն ոչ միայն երկու երկրները, այլև ամբողջ տարածաշրջանն ու նրա գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունն ու անդամ պետությունները։

Leave a comment