Մհեր Գրիգորյանը պատմել է, թե TRIPP-ի հետ կապված ինչ է արվել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Սյունիք կատարած այցի նպատակը եղել է տեղում TRIPP-ի ենթակառուցվածքների պոտենցիալ դասավորությանը ծանոթանալը։ Կառավարության նիստում այդ մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզ են այցելել TRIPP-ի հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար։

«Խոսքը վերաբերում է այս փուլում երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքի լարանցմանը։ Երկաթգծի հետ կապված, ըստ էության, ամեն ինչ պարզ է, մեզ համար նոր բան չկա, ավելի շատ ուզում էինք տեղում մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը։ Բայց թե որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում եմ՝ակնհայտ է, այդտեղ քննարկելու բան չկա»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ երկաթգծի հետ կապված նախագծման աշխատանքները շուտով կմեկնարկեն։

Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին, Գրիգորյանի խոսքով՝ կան բարդ անցանելի հատվածներ, և վերջնական լուծումը պետք է այնպիսին լինի, որ տարանցիկ ճանապարհը մրցունակ լինի։

«Տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ինքը շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ էլեկտրահաղորդման գծերի հետ կապված էլ ամեն ինչ պարզ է, բայց դեռ վերջնականացման հարցեր կան, և կարելի է արդեն այս երեք ենթակառուցվածքների մասով արդեն կարելի է սկսել նախագծման աշխատանքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Sputnik Արմենիա

Leave a comment