Ֆրանսիայում զենքի խանութների սեփականատերերը գրանցում են ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերելու պատվերների կտրուկ աճ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 17-ին հանրապետության բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների։ Այս մասին հայտնում է 20 Minutes պորտալը։
Սոցիալական ցանցերում գործարարները միավորվում են խմբերում։ Օրինակ՝ Պիրենեյան Ատլանտյան դեպարտամենտում մի ձեռնարկատեր ստեղծել է «Սև թևկապ» ասոցիացիան և կոչ է անում գործընկերներին հոկտեմբերի 24-ին միավորել ուժերը՝ իրենց խանութները պաշտպանելու համար։ Պորտալը նշում է, որ գործարարների շրջանում հիասթափությունն աստիճանաբար տեղի է տալիս հոկտեմբերի 17-ի իրադարձությունների կրկնությունը թույլ չտալու վճռականությանը։ Louis Vuitton և Hermes խոշոր ընկերություններն արդեն դիմել են մասնավոր անվտանգության ընկերությունների ծառայություններին։
«Սա իսկապես համատարած միտում է բոլոր այն քաղաքներում, որոնք տուժել են թալանից», – խոստովանել է Զենքի վաճառողների ազգային ասոցիացիայի ղեկավար Իվ Գոլետտին։ Միավորման ներկայացուցիչների խոսքով՝ նոր գնորդները հիմնականում բիզնեսի սեփականատերեր են և մարդիկ, որոնք մտավախություն ունեն, որ անկարգությունների մասնակիցները կարող են ներխուժել իրենց տներ։
Լիոնում, Թուլուզում, Բորդոյում և Նիցցայում ամենապահանջված ապրանքներից են ռետինե փամփուշտներով ատրճանակները։ Մեծ պահանջարկ ունեն նաև պղպեղային սփրեյները և մահակները։ Զենքի խանութների սեփականատերերը հայտարարում են, որ հասկանում են գործարարների տրամադրությունները, սակայն հորդորում են զերծ մնալ զենք կիրառելուց՝ հնարավոր իրավական հետևանքների պատճառով։