Կառավարությունն ընդլայնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների ցանկը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված փոխհատուցում ստացողների շրջանակն ընդլայնել՝ ներառելով 1998-2007 թվականներին զոհված կամ վնասվածք ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին, ինչը վերաբերում է շուրջ 389 անձի։ Հատուցման դեպք է համարվում նաև 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը։

Ըստ հիմնավորման՝ 1998-2016 թվականներին տեղի ունեցած հատուցման դեպքերի համար միանվագ գումար չի վճարվի, իսկ ամսական վճարումները կկատարվեն 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար սահմանված չափերին հավասար՝ 20 տարվա ընթացքում։ Շահառուների տվյալները Հիմնադրամին են փոխանցվելու ընդհանուր կարգով, ինչպես նաև հստակեցվել են վճարումների կասեցման, դադարեցման և փոփոխման ընթացակարգերը։ Ընտանեկան տարաձայնություններից խուսափելու նպատակով հատուցման գումարները կբաժանվեն շահառուների միջև և կվճարվեն յուրաքանչյուրին առանձին։ Նոր շահառուի ի հայտ գալու դեպքում գումարը կվերաբաշխվի ըստ նոր թվի, իսկ նախկինում վճարված գումարների վերահաշվարկ չի իրականացվի։

Փաթեթով առաջարկվում է չեղարկել Օրենքի 4-րդ հոդվածի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարգավորվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով, իսկ մյուսն արդեն բովանդակային առումով ներառված է նոր նախագծում։ Քանի որ փոփոխությունները տարածվում են նախկին տարիների վրա, սահմանվել են անհրաժեշտ անցումային դրույթներ։ Նախագիծը մշակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և Պաշտպանության նախարարության մասնագետների համատեղ աջակցությամբ։ Հարակից փոփոխություն է նախատեսվում նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթները մայր օրենքի խմբագրված հոդվածներին համապատասխանեցնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment