Փաշինյան․ ԵԱՏՄ-ից հեռացնելու իրավունք չունեն, իսկ կանխատեսումների մասով՝ կապրենք, կտեսնենք

Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ, անդամ երկրներն իրավունք չունեն կառույցից հեռացնել որևէ այլ անդամ երկրի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում` անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների զեկույցին՝ ՀՀ նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։

«Ակնհայտ է, որ անդամ երկրներն իրավունք չունեն անդամ երկրին հեռացնել կազմակերպությունից: Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում, հաշվի առնելով, որ համընկնում են անդամ երկրները, հետաքրքիր է, թե ինչու Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում: ԵԱՏՄ-ի հետ կապված՝ մեր պատմության մեջ առաջին անգամն է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ անուղղակի կերպով ասում է՝ ձեզ կհեռացնենք մեզնից»,- ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները տնտեսական և քաղաքական առումով չեն հանգեցրել այն հետևանքներին, որոնց ձգտում էին Հայաստանում և երկրից դուրս գտնվող շրջանակները:

«Հայաստանում իշխանությունը փոխելու արդեն երրորդ փորձն է լինելու: Առաջինը՝ 2023 թվականի իրադարձություններն էին, երբ Ղարաբաղում` ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, նպատակն էր մարդկանց հոսքն ուղղել դեպի Հայաստան և զուգահեռաբար քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր էին հնչեցվում, հաջորդը՝ 2026 թվականի հունիսի հերթական խորհրդարանական ընտրություններն էին, հիմա երրորդ փորձն է նախապատրաստվում: Այստեղ տնտեսական բաղադրիչ չկա, քաղաքական բաղադրիչի հետ գործ ունենք, նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է, դե-ֆակտո, հետո նաև դե-յուրե Հայաստանին անկախությունից զրկելը: Հայաստանի պետությունը բավական չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,- ասել է Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաև զեկույցում ներկայացված տնտեսական հետևանքներին:

«Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք: Մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանությանը պաշտպանությունը, մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում ներմուծվող բնական գազի գինը կարող է թանկանալ 69 տոկոսով՝ ներկայիս 177․5 դոլարից հասնելով 300 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Leave a comment