«Երբեմն ստիպված ենք լինում թվագրել թանաքի պահպանվածության որակի օգնությամբ». Ավետիք Իսահակյանի ծոցատետրային գրառումները կներկայացվեն հանրությանը

Հոկտեմբերի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների թեկնածու, իսահակյանագետ Շողեր Խաչատրյանի՝ «Իսահակյանի ձեռագրերի աշխարհում» խորագրով բանախոսությունը: Ավետիք Իսահակյանի ծննդյան օրվան ընդառաջ կազմակերպված հանդիպման ընթացքում նա ներկայացրեց գրողի ծոցատետրերում, օրագրերում ու նամակներում պահպանված անտիպ նյութերը։

1977 թվականին Արամ Ինճիկյանի կողմից Ավետիք Իսահակյանի «Հիշատակարանի» հրատարակումից հետո օրագրային նյութը մտավ գիտական շրջանառության մեջ: Սակայն դրան զուգահեռ կատարված ծոցատետրային գրառումների ստվար մասը դեռ անտիպ է:

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից Շողեր Խաչատրյանը, որը «Ավետիք Իսահակյանի օրագրերը և հուշագրությունը» թեմայով ատենախոսության, 9 գիտական հոդվածի և 1 մենագրության հեղինակ է, ներկայացրեց արխիվային աշխատանքի մանրամասները.

-Հիմա ուսումնասիրում եմ ԳԱԹ-ում ու ընտանեկան արխիվում պահվող ծոցատետրերը, նամակները։ Վերլուծվել են մոտ 4 հազար էջ, որոնցից 3 հազարը մշակվել ու պատրաստվում են ակադեմիական հրատարակության հատորյակի համար,- ասաց Շողեր Խաչատրյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև ձեռագրերի վերծանման տեխնիկական դժվարություններին. -Բարդությունն այն է, որ երբեմն շատ դժվար է լինում թվագրել, քանի որ միշտ չէ, որ գրառման հետ ամսաթիվ է գրել։ Երբեմն ստիպված ենք լինում թվագրել թանաքի պահպանվածությանորակի օգնությամբ։

Գրառումներում ու նամակներում բավական հետաքրքիր նյութ կա ժամանակի մշակութային, հասարակական հայտնի անձերի, նրանց հետ հարաբերությունների մասին, ինչը կարող է օգտակար լինել նաև այլ անհատականությունների կենսագրություններն ու պատմական այդ ժամանակաշրջանի իրադրություններին ուսումնասիրողների համար։

Ծոցատետրային գրառումները, որոնք կարևոր աղբյուր են բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական աշխատանքն ուսումնասիրելու համար, առաջին անգամ ամբողջական տեսքով հանրությանը կներկայացվեն ակադեմիական հրատարակության 10-րդ հատորում` երկու մասով, որը լույս կտեսնի 2027 թվականին։

Երեկոյի ընթացքում Շողեր Խաչատրյանն «Ավետիք Իսահակյանի օրագրերն ու հուշագրությունը» իր մենագրությունը նվիրեց «Նարեկացի» արվեստի միությանը:

«Նարեկացի» արվեստի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment