«Ես աշխատում եմ քաղհասարակության կազմակերպությունների, օմբուդսմենների հետ, որ բնապահպան- իրավապաշտպաններն իմանան՝ ուր դիմել, որ վաղ ազդարարումը հասնի ինձ։ Ինձ համար բնապահպան-իրավապաշտպանների դեմ դատական գործերի կանխարգելումն ավելի կարևոր է, քան պաշտպանությունը։ Այս համատեքստում աշխատում եմ կառավարությունների հետ»,-«Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին․ քննարկում մարտահրավերների մասին» խորագրով հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Օրհուսի կոնվենցիայի ներքո բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը։
Նա նշեց, որ սա նոր մանդատ է․ ստեղծվել է 2022-ից և հայտնեց, որ աշխատում են այն բոլոր երկրների հետ, որտեղ կան որոշակի սպառնալիքներ․ «Օրհուսի կոնվենցիայի 8-րդ կետն իրավական առումով պարտադիր ուժ է կրում, այն նշում է, որ կոնվենցիայով սահմանված իրենց իրավունքները պաշտպանող մարդիկ չպետք է հետապնդվեն, խոչընդոտվեն։ ՀՀ-ն կոնվենցիայի կողմ է 2001-ից, հետևաբար սա ՀՀ-ի ստանձնած պարտավորությունն է։ Իմ գործունեությունն ունի երեք ուղղություն՝ առաջինն արձագանքումն է։ Չեմ կարող գործողություններ ձեռնարկել, երբ բողոք չեմ ստանում։ Կապ եմ հաստատում կառավարության հետ, տեղեկատվություն հայցում և փորձում որոշակի գործողություններ իրականացնել։ Երկրորդ բաղադրիչն աջակցությունն է։ ՀՀ-ում շատերը չգիտեն իմ մանդատի մասին, հետևաբար կարևոր է, որ դուք ինձ տեղեկություններ տրամադրեք, որ ինձ կարողանաք բողոքներ ուղարկել»։
Միշել Ֆորսթը փաստեց ընդդեմ բնապահպան-իրավապաշտպանների դատական հայցեր՝ SLAPP-եր, տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլ Ֆրանսիայում, Իտալիայում, այլ երկրներում․ «Դրանք հիմա ընդհանուր բողոքների 20 տոկոսն են կազմում․ կարող են լինել հայցեր անհատների, կազմակերպությունների դեմ, Green peace-ի գործն է հայտնի։ Տեսնում ենք, որ որոշ կազմակերպություններ թիրախավորում են անձանց, կազմակերպությունների, որ նրանց լռեցնեն։ Որոշ երկրներում կան ազգային օրենսդրություններ, որոնք ուղղված են այդ SLAPP-երի դեմ պայքարին։ Կա նաև ԵՄ դիրեկտիվ, թե ինչպես պետք է պետություններն ազգային օրենսդրություն մշակեն ընդդեմ այս ռազմավարական հայցերի»։
Հարցին՝ ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում COP17 համաժողովին բնապահպան-իրավապաշտպանների հարցերով, ի՞նչ որոշումներ են կայացվում, ինքն ի՞նչ աշխատանքներ է տանում COP17-ում այս խնդիրների վերաբերյալ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը պատասխանեց․ «Իհարկե, պետությունները քննարկում են բնապահպան-իրավապաշտպանների իրավունքները, ունենք նաև գլոբալ կենսաբազմազանության շրջանակը, և կառավարությունները որոշել են թիրախներ մշակել պետությունների համար։ 22-րդ թիրախի պահանջն է, որ պետությունները տեղեկություններ պետք է տրամադրեն բնապահպան իրավապաշտպանների դեմ հարձակումների վերաբերյալ։ Երբ պետությունների զեկույցներն ենք ընթերցում, քիչ դեպքերում է, որ այս հարցով զեկույցներ են ներկայացվում, տեղեկատվություն տրամադրվում։ Միայն պետությունների 14 տոկոսն է զեկույց ներկայացրել այս հարցով։ Սա փոքր տոկոսն է և չի արտացոլում իրականությունը։ Եթե դուք բանակցային սեղանի շուրջ չնստեք, որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ չեք կարողանա։ Կարևոր է, որ նաև կապույտ գոտում քննարկումներին հնարավոր լինի մասնակցել կազմակերպություններին։ Շատ երկրներում որոշ կազմակերպությունների թույլ չեն տալիս կապույտ գոտում մասնակցել քննարկումներին․ օրինակ՝ մուտքի արտոնագրերն են մերժվել անձանց, որ չկարողանան մասնակցել COP-ի քննարկումներին»։
«Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին․ քննարկում մարտահրավերների մասին» խորագրով հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: