Սուպերթայֆուն «Չամպին» առաջիկա օրերին կհասնի Ֆիլիպիններ, Չինաստան և Ճապոնիա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սուպերթայֆուն «Չամպին» առաջիկա օրերին հորդառատ անձրևներ և ուժեղ պոռթկումներով քամիներ կբերի Ֆիլիպիններ, Չինաստան և Ճապոնիա՝ չորեքշաբթի հաղորդում են ասիական լրատվամիջոցները։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտվա դրությամբ «Չամպին» շարժվում էր հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ ժամում 25 կմ արագությամբ, և գտնվում էր Ֆիլիպինների արևելյան ափից մոտ 1000 կմ հեռավորության վրա։ Ճապոնացի օդերևութաբանների տվյալներով՝ քամու առավելագույն կայուն արագությունը հասնում էր ժամում 290 կմ-ի։

ԱՄՆ-ի Թայֆունների նախազգուշացման համատեղ կենտրոնի տվյալներով՝ փոթորիկն անցնելու է Ֆիլիպինների հյուսիսային հատվածով և ուրբաթ կմոտենա Թայվանին։

Ֆիլիպինների աղետների դեմ պայքարի գործակալությունը հայտնում է, որ չորեքշաբթի և հինգշաբթի երկրի հյուսիսային նահանգներում սպասվում են առատ տեղումներ։

Թայվանի կենտրոնական օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է, որ ուրբաթ և շաբաթ օրերին «Չամպինը» «չափազանց առատ տեղումներ» կբերի կղզու հյուսիսային հատված, ինչպես նաև Կենտրոնական Թայվանի լեռնային շրջաններ։

Կանխատեսումների համաձայն՝ կիրակի օրը «Չամպինը» կհեռանա Թայվանից և կշարժվի Չինաստանի արևելյան ափի երկայնքով՝ այդ թվում Շանհայի ուղղությամբ։ Թեև սպասվում է, որ այն աստիճանաբար կթուլանա, մինչև Ճապոնիայի հարավարևմտյան կղզիների շղթային շաբաթ օրը հասնելը՝ փոթորիկը Չինաստանում կուղեկցվի ուժեղ քամիներով և անձրևներով։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ Օկինավայի պրեֆեկտուրայի Սակիսիմա կղզիներում սպասվում են ուժգին քամու պոռթկումներ։ Ալիքների բարձրությունը կարող է հասնել 11 մետրի։

Կորեայի օդերևութաբանական վարչության հաղորդմամբ՝ քիչ հավանական է, որ թայֆունն անմիջապես հարվածի Հարավային Կորեային, սակայն հանգստյան օրերին այն կարող է ուժեղ անձրևներ բերել Չեջուդո կղզի և երկրի հարավային ափամերձ շրջաններ։

Leave a comment