Փաշինյանը հայտարարեց աշխատատեղերի նոր ռեկորդի մասին․ փորձագետները շեշտում են ստվերի կրճատման գործոնը

Հոկտեմբերի 22-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ամփոփած տվյալները՝ հայտարարելով աշխատաշուկայում գրանցված աշխատատեղերի «հերթական ռեկորդի» մասին։

Փաշինյանը ներկայացրած ցուցանիշների համաձայն՝ սեպտեմբեր ամսին, օգոստոսի համեմատությամբ, աշխատատեղերն ավելացել են 15 հազարով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 39,751-ով կամ շուրջ 4,9 տոկոսով։ Միաժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը։ Փաշինյանն ընդգծեց, որ 2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ արձանագրվել է 311,480 աշխատատեղի հավելաճ՝ նշելով, որ երկրում առկա է բավականին տեսանելի տնտեսական ակտիվություն։ Բացի այդ, նա հայտարարեց, որ արտահանման դիվերսիֆիկացիան դրական առաջընթաց է ապահովում։

Մինչդեռ տնտեսական ոլորտի փորձագետները պնդում են, որ արձանագրված հավելաճի գերակշիռ մասը ոչ թե բուն նոր աշխատատեղերի ստեղծումն է, այլ ստվերային տնտեսությունից հարկման դաշտ բերված աշխատատեղերը, իսկ իրական նոր աշխատատեղերի մասնաբաժինը համեմատաբար փոքր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment