Առանց բռնության դեպքերի, բայց ԶԼՄ-ների դեմ 18 դատական հայցով. խոսքի ազատությունը Հայաստանում՝ երրորդ եռամսյակում

2026 թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ-ում լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել, հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը


ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. 2026 թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների և ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։


«Դա ուրախալի է։ Այսպիսի եռամսյակներ շատ քիչ են պատահում։ Բացի այդ, ընթացիկ տարվա ընթացքում նկատվում է նման խախտումների թվի նվազում։ Առաջին և երկրորդ եռամսյակներում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մեկական դեպք», — նշել է Մելիքյանը՝ ուրբաթ ներկայացնելով խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին զեկույցը։


Նրա խոսքով՝ երրորդ եռամսյակում արձանագրվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 12 դեպք՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 23 դեպքի համեմատությամբ։


«Երրորդ եռամսյակում խախտումների թվի նվազումը կարելի է կապել երկրում լուրջ հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումների բացակայության հետ։ Չնայած որոշակի լարվածությանը, այդ թվում՝ խորհրդարանում նոր գումարման պատգամավորների աշխատանքի մեկնարկից հետո, ծագած կոնֆլիկտային իրավիճակները հիմնականում կապված չեն եղել լրագրողների հետ։ Արդյունքում նման միջադեպերի քանակը նվազել է», – ասել է Մելիքյանը։


Միևնույն ժամանակ նա կոչ է արել իրավիճակին չնայել «վարդագույն ակնոցով»՝ նշելով քննարկում և լուծում պահանջող խնդիրների առկայությունը։


Մելիքյանի խոսքով՝ երրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ճնշումների տարբեր ձևերի 20 դեպք։


«Ընդհանուր առմամբ, 2026 թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների դեմ ներկայացվել և վարույթ է ընդունվել 44 նոր դատական հայց՝ 14-ը առաջին եռամսյակում, 12-ը՝ երկրորդում և 18-ը՝ երրորդում։ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 45 նման հայց», — նշել է Մելիքյանը։


Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակում ներկայացված 18 հայցերից 13-ը նախաձեռնվել են պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ պաշտոնատար անձանց կողմից, մեկը՝ նախկին պաշտոնատար անձի, երկուսը՝ բիզնեսի ներկայացուցիչների, ևս երկուսը՝ այլ քաղաքացիների կողմից։

Leave a comment