ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան, Դավիթ Բեկ 110 հասցեում «ԴՈՄՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող առևտրի օբյեկտում՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ի կարգադրագրի պահանջների կատարման նպատակով։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում «ԴՈՄՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մոտ մեկ տասնյակի հասնող խախտումներ։
Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեում գործող առևտրի կենտրոնի աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին կապարակնքվել է նշված առևտրի օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment