Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը

Քաղաքականություն

21.10.2026 | 17:28

Կրեմլի մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է շուրջ երեք ժամ։

Բանակցություններն անցկացվել են Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում։ Դրանց մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Դոնալդ Թրամփի մյուս ներկայացուցիչը՝ Ջարեդ Քուշները, հիվանդության պատճառով չի կարողացել մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Հանդիպման սկզբում Ուիթկոֆը նշել էր, որ նա նախատեսում է հեռախոսակապով միանալ բանակցություններին՝ «մի քանի գաղափար ներկայացնելու համար»։

Ինտերֆաքսի թղթակիցը հայտնել է, որ հանդիպման ավարտից հետո Ուիթկոֆն ու Դմիտրիևը միասին լքել են Կոնստանտինովյան պալատը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment