Լանտրատովան Սիմոնյանին առաջարկել է գլխավորել Դաշնային օմբուդսմենին կից Հանրային խորհուրդը

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Յանա Լանտրատովան RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հրավիրել է գլխավորելու Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին կից գործող Հասարակական խորհուրդը և համակարգելու դրա անդամների ընտրությունը։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։

«Ես Մարգարիտային գիտեմ որպես մարդու, ով երբեք ձեռքերը ծալած չի նստում, երբ ուրիշները օգնության կարիք ունեն։ Նա ունակ է արագ լուծումներ գտնել բարդ իրավիճակներում և համախմբել այնպիսի մարդկանց, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել։ Հենց այսպիսի մարդիկ են մեզ անհրաժեշտ մեր Հասարակական խորհրդի համար»,- գրել է Լանտրատովան։

Լանտրատովայի կարծիքով՝ խորհրդում պետք է ընդգրկվեն ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ լրագրողներ, իրավաբաններ, փորձագետներ, ովքեր քաջատեղյակ են քաղաքացիներին հուզող խնդիրներին և պատրաստ են օգնել դրանց լուծման հարցում։

Նա նշել է, որ խորհրդի գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ միայն կոնկրետ դեպքերում օգնություն ցուցաբերելուն, այլև խնդիրների առաջացման հիմնապատճառների բացահայտմանը՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով։ Ըստ Լանտրատովայի մտահղացման՝ խորհուրդը կծառայի որպես հարթակ՝ բարդ հարցերի քննարկման և այնպիսի լուծումների որոնման համար, որոնք հաշվի կառնեն տարբեր տեսակետներ։

Leave a comment