«Ոչ գերիների վերադարձի հարցն է քննարկվել, ոչ էլ ադրբեջանական զորքերի դուրս բերման․ արդյոք սա հերթական միակողմանի զիջումը չէ»․ Լենա Մաթևոսյան

«Սա նշանակում է, որ համապարփակ կարգավորման չհասնելով՝ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում՝ հողի վրա չունենալով ոչ մի առավելություն։ Այստեղ ոչ գերիների վերադարձի հարցն է քննարկվել, ոչ խաղաղության  երաշխիքներ կան, ոչ էլ ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը կա։ Արդյոք սա հերթական միակողմանի զիջումը չէ, արդյոք սա հերթական լծակի կորուստը չէ բանակցային գործընթացում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Արարատ Միրզոյանը նշեց․ «Ասում եք՝ հերթական անգամ ուզում եք կատարել Ադրբեջանի պահանջը և հերթական զիջումն եք արել։ Խնդրում եմ, կարա՞ք ասեք՝ ո՞րն է Ադրբեջանի պահանջը, որը հիմա մենք կատարում ենք այս համաձայնագրով։ Եվ հերթական զիջում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, մի երեք հատ օրինակ բերել էլի, այդ ի՞նչ ենք զիջել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լենա Մաթևոսյանն արձագանքեց՝ եթե Ադրբեջանը պահանջներ չուներ, «խաղաղության պայմանագիրը» արդեն ստորագրված կլիներ։ «Ես կարող եմ որպես զիջում նշել, օրինակ, Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment