Միրզոյան. TRIPP-ի շրջանակում կառուցվելիք երկաթուղին կանգառներ կունենա (PAN.am)

TRIPP-ի շրջանակում կառուցվելիք երկաթուղին կանգառներ ունենալու է, հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, հայտնում է Sputnik Արմենիան:

ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Հանձնաժողովում համաձայնագիրը ներկայացնում է նախարար Միրզոյանը։

«Չեմ բացառում՝ իրավիճակ լինի, ուղևոր լինի, ամեն ինչ փայլուն է զարգացել, խաղաղությունն օրեցօր ամրապնդվել է։ Հասկանալի՞ է չէ, որ ինչ-որ պահ կգա ապագայում, որ կլինեն ուղևորափոխադրումներ, կլինեն այցեր, կլինի իրավիճակ, որ էդ երկաթուղով եկած մարդը կուզենա կանգառում իջնել, սուրճ խմել, որևէ բան ուտել, ուղղակի հանգստանալ կամ փոխել երկաթուղին»,- նշել է Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որն է երաշխիքը, որը TRIPP-ի համաձայնագրի վավերացումից հետո Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը, Միրզոյանը նշել է, որ երաշխիքը փոխադարձ շահն է, քանի որ ստեղծվող հնարավորություններից, բացվող ենթակառուցվածքներից օգտվելու և օգուտներ է քաղելու նաև Ադրբեջանը։

Նախարարը նշել է, որ նախատեսվող հաղորդակցությունների բացումը, նախկինում գործող ուղիների վերագործարկումը և նոր ենթակառուցվածքների կառուցումը կարևոր նշանակություն են ունենալու Արևելք-Արևմուտք ուղղությամբ ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կազմակերպման համար, հայտնում է Panorama.am-ը:

«Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվել իր՝ այսինքն Նախիջևանի հետ, երրորդ երկրների հետ, Հայաստանը կունենա փոխադարձ առավելություններ, հնարավորություններ Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքով կապել հյուսիսը հարավի հետ, առնվանզ երկաթուղային հաղորդակցություն չկա այս պահին, երրորդ երկրների հետ՝ մատակարարումների, սպառման, ներմուծման համար»,-ասել է նա:

Միրզոյանն ընդգծել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային փոխկապակցվածության խորացումը և փոխադարձ կախվածության մեծացումը դրական ազդեցություն են ունենում նաև քաղաքական կայունության ապահովման ու խաղաղության ամրապնդման գործընթացների վրա։

«Առաջին շերտը տնտեսական օգուտներն են, երկրորդ, բայց ոչ կարևորությամբ, շերտը, խաղաղության ամրապնդումն է»,-ասել է նա:

Արտաքին գործերի նախարարը նաև տեղեկացրել է, որ նախագծի իրականացման գործընթացում ԱՄՆ-ն նախատեսում է էական ներգրավվածություն ունենալ՝ միաժամանակ հետապնդելով սեփական տնտեսական շահերը։

«Այս փաստաթղթում ինքիշխանություն բառն օգտագործվում է 8 անգամ հետևյալ համատեքստում՝ «հաստատվում է ՀՀ ինքնիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։

Իրավազորությունը՝ ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում, ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։

Անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն քաղաքականություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչարարություն և վերահսկղություն՝ այս բոլորի նկատմամբ ՀՀ-ն պահպանում է իր լիակատար ինքնշխանությունն ու իրավազորությունը»,- ասել է նախարարը։

Մայիսի 26-ին Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հունիսի 1-ին փաստաթուղթը վերջնականապես ստորագրվել է։

Leave a comment