Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին խաչքար է տեղադրվել

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է տեղադրվել, հայտնել է Քաջարանի համայնքապետարանը։

Խաչքարը տեղադրվել է Հայ կաթողիկե սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ։ Օծման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։

Խաչքարն օծել է Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ եպիսկոպոս Եղյա Եղեայանը՝ տեր Ռաֆայել Շեֆիքյանի օրհնությամբ։ Արարողությանը մասնակցել են Փարամազյանն ու Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան։

Միջոցառման ընթացքում եպիսկոպոս Եղեայանը Փարամազյանին պարգևատրել է Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով, իսկ տեր Ռաֆայել Շեֆիքյանը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու մեդալով։

Քաջարանի համայնքապետարանի գնահատմամբ՝ խաչքարի տեղադրումը նպաստում է Քաջարանի և Սեն Շամոնի՝ որպես քույր քաղաքների համագործակցության ամրապնդմանը և հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։

Armenia Today

Leave a comment