«Ազատություն». Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջման ենթադրյալ փորձի մասին, որի շրջանակում անցած հոկտեմբերին ձերբակալվել էր երկրի նախագահի աշխատակազմը մոտ երեք տասնամյակ ղեկավարած Ռամիզ Մեհդիևը:
Ծառայությունը հրապարակել է 87-ամյա նախկին պաշտոնյայի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Դրանցից մեկում նա ռուսերենով խոսում է մի կնոջ հետ, որին առաջարկում է Ադրբեջանում «պետական կառավարման համակարգի վերակազմակերպման» մասին իր առաջարկը փոխանցել հետևաբար ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջարկը, որը Մեհդիևը պատրաստել է 2025-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ըստ էության, ներկայացրել է Ադրբեջանում հնարավոր պետական հեղաշրջումից հետո երկրի կառավարման նոր մոդելը:
Կնոջ ինքնությունը տեսանյութում չի բացահայտվում: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից է: Եվ հենց նրա միջոցով է Մեհդիևը Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահ աշխատած տարիներին կապ պահել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, որոնց միջոցով էլ ենթադրաբար փորձել է պետական հեղաշրջում անել:
Հեռախոսազրույցում կինն ասում է, որ Մեհդիևի խնդրանքը փոխանցել է և դեռ նոր բան ունի ասելու, ինչից հետո Ադրբեջանում երկար տարիներ պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Մեհդիևը խոսում է իր առաջարկի մասին․ – «Ես նրան գիտե՞ք ինչ եմ ուզում ուղարկել։ Ես մի փաստաթուղթ եմ պատրաստել, լսո՞ւմ եք, Ադրբեջանում պետական կառավարման համակարգի փոփոխության մասին առաջարկը»:
Այնուհետև Ռամիզ Մեհդիևը, որը, ըստ ադրբեջանական մամուլի, դեռ Խորհրդային Միության տարիներից համարվում էր լրտեսական ցանցի անդամ, ասում է, թե իր օգնականին կխնդրի, որ այդ փաստաթուղթն էլեկտրոնային փոստով ուղարկի ռուսական կողմին, որոնց նա ներկայացնում է որպես «մեր ընկերներ»։
Տեսանյութում կա նաև Մեհդիևի և նրա օգնականի զրույցից հատված, որտեղ Մեհդիևը նրան հանձնարարական է տալիս իր առաջարկն ուղարկելու մասին․ – «Ինչպե՞ս ուղարկենք դա։ Նախ ուզում եմ, որ … մեր այդ ընկերներին ևս դա պետք է փոխանցել ինչ-որ կերպ … Եվ երկուշաբթի կզանգահարեմ, եթե համաձայնեն … Կարծում եմ՝ սիրով կհամաձայնեն»։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ 2025-ի հոկտեմբերի 3-ին իր առաջարկի վերջնական խմբագրված տարբերակը այժմ տնային կալանքի տակ գտնվող Մեհդիևն ուղարկել է արտաքին հետախուզական ծառայությունների բարձր հրապարակավոր պաշտոնյաներին, որոնց հետ մինչ այդ կապեր էր հաստատել:
Ըստ իրավապահների՝ Ռամիզ Մեհդիևը օգնել է օտարերկրյա պետության ներկայացուցիչներին՝ հակառակ Ադրբեջանի պետական անվտանգության շահերին, և այդպիսով կատարել դավաճանություն: Ըստ մեղադրանքի՝ նա նաև կատարել է պետական իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու գործողություններ:
Մասնավորապես, արմատական ընդդիմությանը համակարգված կերպով խրախուսել է ավելի ակտիվ լինել, փորձել է շարունակաբար լարված վիճակ ստեղծել և երկիրը պահել ներքին անկայունության մեջ։ Նաև համակարգել է երկրից դուրս գործող ընդդիմության գործողությունները, որոնք տարբեր հարթակներով պարբերաբար կառավարությունը տապալելու կոչեր են արել։ Այս գործով նաև այլ անձինք են անցնում:
Տեսանյութում նշվում է, որ Մեհդիևին նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել: Նախկին պաշտոնյան մեղադրվում է մինչև 2025 թվականը հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 17 միլիոն մանաթ՝ մոտ 10 մլն դոլար օրինականացնելու համար, որոնք առգրավվել են:
Ադրբեջանական մամուլը գրում է, որ Իլհամ Ալիևի վարչակազմում «գորշ կարդինալ» անունն ստացած Մեհդիևի շփումները ռուսական հատուկ ծառայությունների հետ ակտիվացել էին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին, որը սկսվել էր 2024-ին ռուսական զինուժի կողմից «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության մարդատար ինքնաթիռի խոցումից հետո, ինչի հետևանքով 38 մարդ է զոհվել:
Մեհդիևը, ըստ լրատվամիջոցների, ցանկացել է օգտվել առիթից և Ռուսաստանի միջոցով հեղաշրջում անել՝ չհամակերպվելով նոր իրողությանը, որտեղ Ալիևի վարչակազմում երբեմնի ամենաազդեցիկ դեմքերից մեկն այլևս մեկուսացված էր, զրկված նախկինում ունեցած իշխանությունից և լծակներից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: