Ինչ հետևանքներ կառաջացնի ԵԱՏՄ անդամակցության կասեցումը ՀՀ-ի համար. 4 երկրների զեկույցը

Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը կհանգեցնեն Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացման և տարբեր իրավական ռեժիմների միջև հակասությունների առաջացման: Այս մասին ասված է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցում:

Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության:

«Միության անդամակցության պահպանմամբ մեկ այլ ինտեգրացիոն միավորմանը միանալը, ինչպես նաև արդեն իսկ ստանձնած վերազգային պարտավորություններից տարբերվող իրավական ռեժիմի ներդրումը, անխուսափելիորեն հանգեցնում են անլուծելի իրավական հակասությունների և հնարավոր չեն ինչպես իրավական, այնպես էլ գործնական տեսանկյունից», – ասված է զեկույցում:

Զեկույցում ներառված են Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԵՄ իրավական համակարգերի համատեղելիության վերլուծությունը։ Փաստաթղթում ներկայացվում են այն իրավական մեխանիզմները, որոնք պետք է կանխեն ԵՄ-ին միանալու որոշմամբ պայմանավորված ռիսկերը, և գնահատվում են ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքները։

Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ տարեկան 389 մլն դոլարից հասնելով 657,5 մլն դոլարի, ՀՀ–ում արտադրված ապրանքների արտահանումը կնվազի 30-50%–ով (վերարտահանումը՝ ավելի քան 90%-ով), ներմուծումը կկրճատվի երկու անգամ։

ԵԱՏՄ անդամակցության կասեցումը կհանգեցնի նաև`

– երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման,

– էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցման` ներառյալ գազի ընդհանուր շուկայի գործունեությանը Երևանի մասնակցության դադարեցումը,

– պարտադիր մաքսային հայտարարագրման և հսկողության վերականգնման,

– ավելի քան երկու անգամ կկրճատի ԵԱՏՄ երկրներից կատարվող դրամական փոխանցումները,

– 15,6%-ով կնվազեցնի երկրի ՀՆԱ-ն,

– կխստացնի աշխատանքային միգրացիայի պայմանները,

– կվտանգի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկայի ձևավորումն ու գործունեությունը,

– կչեղարկի ազատ առևտրի ռեժիմը ԵԱՏՄ գործընկեր երկրների՝ Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրավունք ունեն դիտարկելու ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավորությունը, մինչև երկրում հանրաքվե անցկացվի այս կազմակերպությանն անդամակցությունը պահպանելու կամ Եվրամիությանը միանալու վերաբերյալ։

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջների կատարումը Հայաստանի կողմից նշանակում է Եվրասիական տնտեսական միության առջև ստանձնած պարտավորությունների խախտում։ Միաժամանակ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ անդամներին չի տեղեկացնում իր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու աշխատանքների մասին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի այս զեկույցը կփոխանցվի անդամ երկրների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Վլադիմիր Պուտինին։

Sputnik Արմենիա

Leave a comment