«Փաշինյանն արդեն ուղղորդում է դատական իշխանություններին, որ ինձ ուզեն-չուզեն՝ ամբաստանյալի կարգավիճակ տան և դատապարտեն». Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված գրառումներին, նշեց. «Երեկ Արտաշատ խոշորացված համայնքի ընտրությունների հետ կապված բանավեճ էր Հանրային հեռուստաընկերությունում:

Դեռ բանավեճը չավարտած՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց ստատուսներ նվիրել բանավեճին և ինձ, և մինչև այսօր արդեն վեց-յոթ ստատուս և լայվ է արել, նույնիսկ ընտանիքիս անդամին է անդրադառնում, իմ քրեական հետապնդումների մասին է խոսում, ինձ տալիս է ամբաստանյալի կարգավիճակ գրառումով՝ այսպիսով ուղղակիորեն ուղղորդելով դատարաններին:

Հիշեցնեմ՝ իմ դեմ հարուցվել է 14 քրեական գործ, որից 12-ով արդարացվել եմ, ու կարճվել է, երկու գործ է մնացել, որտեղ ես մեղադրյալի կարգավիճակում եմ, ոչ թե՝ ամբաստանյալի: Ամբաստանյալն արդեն դատապարտված մարդն է, բայց ես չեմ դատապարտվել, և չի բացառվում, որ այդ երկուսով ևս արդարացվեմ: Բայց Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղորդում է դատական իշխանություններին, որ ինձ ուզեն-չուզեն՝ ամբաստանյալի կարգավիճակ տան և դատապարտեն, և նմանատիպ տարատեսակ… Շատ անհանգիստ է:

Ակնհայտ է՝ հեռուստաբանավեճում մերկացել է «Քաղաքացիական պայմանագրի» ողջ սնանկությունը՝ գաղափարական և քաղաքական: Դրա համար ինքը հեռակա բանավեճ է վարում ինձ հետ: Ես էլ ասում եմ՝ այդ հեռակա բանավեճի կամ ստատուսների մեջ մտնելու փոխարեն, իր նման պարապ չեմ, որ բան ու գործս թողնեմ, ստատուսներին ստատուսներով պատասխանեմ: Թող գա Հանրային հեռուստաընկերություն, ուղիղ եթերում բանավիճենք: Ինչ հարց ունի տալու՝ թող տա, պատասխանները ստանա, ես էլ իրեն շատ հարցեր ունեմ տալու, որ ժողովուրդը տեսնի՝ նրանք ովքեր են, մենք ովքեր ենք: Ինքը սիրում է մարդկանց ասել՝ «Տղա եք՝ եկեք բանավեճի»: Հիմա ես իրեն ասում եմ՝ արի բանավեճի»:

Դիտարկմանը՝ եթե ընտրվի համայնքի ղեկավար, ուզած-չուզած աշխատելու է գործող իշխանության հետ, ինչպե՞ս է դա պատկերացնում, Գերասիմ Վարդանյանն այսպես արձագանքեց. «Թող ինքը պատկերացնի, թե ինձ հետ ոնց պետք է աշխատի, դա իր պրոբլեմն է… Մեր ժողովուրդը թող տեսնի, հասկանա, թե ում մեջ է ընտրությունը: Ընտրությունը ազգայինի և ապազգայինի մեջ է, Արարատ ուրացողների ու Արարատ պաշտողների մեջ է, Մայր Աթոռի դռները ջարդելով արշավողների և սեփական մարմնով պաշտպանողների մեջ է. սա է ընտրությունը: Եվ մենք մեր քաղաքական այլընտրանքը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, առաջարկել ենք մեր ժողովրդին»։

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է որպես Արտաշատի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։

Ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment