«Բարդակ է տիրում». Գառնիկ Դանիելյանը՝ Քոչարյանների կալանքի և դատական համակարգի մասին

Լրագրողները դատարանի բակում ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվեցին՝ իր կարծիքով՝ որքան ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։

«Որքան երկրի գլխավոր, գերագույն խեղկատակը կհամարի, որ պետք է, որ այդքան ամիս նա կմնա անազատության մեջ։ Ավելի քան պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում որոշումները չեն կայացվում այն վայրում, որտեղ պիտի կայացվեն, այդտեղից դուրս են կայացվում։ Ահավասիկ, դրա մասին բավականին խոսուն փաստեր կան։ Հենց ինքը՝ երկրի ղեկին ոչ բարով նստած մարդը, ասում է՝ «խի՞ այդպիսի դատավոր կա, որ իմ ասածը չանի», շրջափակում է դատարանները։ Այն դատարանները կամ այն դատավորները, որոնք այս կամ այն քաղաքական գործով արդարացման որոշում կայացնեն, ասում է՝ «հլը պիտի պատասխան տան, թե ինչի համար են այդ արդար որոշումները կայացնում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

«Ինքը նախօրոք բոլոր վճիռները կայացնում է և ուղղորդում իրավապահ համակարգին։ Եվ այն հայտնի խոսքն կա՝ «պետական համակարգում որևէ մեկը կարո՞ղ է իմ որոշումից բացի այլ որոշումներ կայացնել»։

Այդ խոսող փաստերը հերիք են, որ եզրակացնենք, թե որոշումները որտեղ են կայացվում։ Ուզուրպացված է դատական համակարգը, ուզուրպացված է միաժամանակ իրավապահ համակարգը՝ քննչական մարմինները։ Դուք տեսեք՝ ինչ խայտառակ գործեր են կարվում ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հիմա էլ հայտարարություն է անում, որ եթե կան բողոքներ, այդպիսի դեպքեր, թող իմ մեյլի վրա ուղարկեն։ Այսինքն՝ ինքը մեկ անգամ ևս փաստում է, որ այդ ինստիտուտները չեն գործում։ Դատարան չկա, դատախազություն չկա, քննչական մարմին չկա, որևէ մի օղակ չի աշխատում»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է դատարանի ծանրաբեռնվածության պատճառով Սեդրակ և Ռոբերտ Քոչարյանների գործով նիստերի հետաձգվելուն, մինչդեռ ընդամենը մի քանի օրից լրանալու է նրանց կալանքի երկու ամիսը, այդ մասին էլ ԱԺ նախկին պատգամավորը նշեց. «Եվս մեկ վառ ապացույց, որ բարդակ է տիրում, մինչդեռ մարդկային կյանքերի հետ գործ ունենք։ Մարդիկ առողջական խնդիրներ ունեն, սակայն իրենց դա հետաքրքիր չէ, մարդը պիտի մնա կալանքի տակ, կալանքը պիտի օգտագործեն որպես պատժամիջոց»։

Հավելենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նախատեսված էր քննել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդությունը, սակայն դատական նիստ չկայացավ։

Ամբողջությամբ՝

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment