«Մենք մեր տնտեսության գինը չգիտենք, և դրա շրջանակներում է, որ աբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 000 դոլար՝ ոչ թե շուկայական գնով, այլ չգիտեմ ինչ մեթոդաբանությամբ։ Վերջին ժամանակաշրջանում, պայմանավորված քաղաքական ինչ-որ հետապնդումներով, կարևոր չէ՝ սեփականատերերն ովքեր են, փակվել են 60-ից ավելի ընկերություններ, բիզնեսներ։ Դուք այն կարծիքին չե՞ք, որ եթե այդ փակված ընկերությունները լինեին բաց բաժնետիրական ընկերություններ և ունենային բազմաթիվ, բազմահազար բաժնետերեր, ավելի պաշտպանված կլինեին։ Ի՞նչ քայլեր եք տեսնում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, որը գործնականում այսօր գոյություն չունի»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Սևակ Միքայելյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Մինչ այդ պատգամավորը հետևյալ վերլուծությունն էր կատարել․ «ՀՀ-ում կա գրանցված տարբեր կազմակերպաիրավական տեսակների մոտավորապես 100 000-ից ավելի ընկերություն, բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք պոտենցիալ ցուցակողներ են, այսինքն՝ պոտենցիալ բաժնետոմսերի շուկայում շրջանառողներ են 700-ից մի փոքր ավելի, եթե չեմ սխալվում՝ 700, 730 ընկերություն էր։ Այդ 730 ընկերությունից ընդամենը 10 ընկերության բաժնետոմսերն են շրջանառվում շուկայում։ Այդ 10-ից վեցն էլ իրենց հերթին բանկեր են։ Ըստ էության, բոլոր տնտեսվարող սուբյեկտների 0.00 004%-ն է, որ որոնց բաժնետոմսերը շրջանառվում են շուկայում։ Այսինքն՝ ըստ էության, մենք կապիտալի շուկա չունենք։ Բաժնետոմսն է բնութագրում, ըստ էության, կապիտալի շուկան։ Եվ, ըստ էության, մենք չգիտենք նաև մեր տնտեսության գինը, և համաշխարհային պրակտիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ հաճախ պետական պարտքը համեմատում են ոչ թե ՀՆԱ-ի հետ, այլ շուկայի կապիտալիզացիայի»։
Հայկ Ֆարմանյանը նաև նկատել էր՝ պետական բյուջեից 2025 թվականին գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար ծախսվել է 1,5 միլիարդ դրամ, իսկ հումքի մթերումների վարկերի տոկոսների սուբսիդավորումը եղել է 3,3 միլիարդ։ Այսինքն՝ բյուջեից մոտավորապես 4,8 միլիարդ դրամ ծախսվել է միայն սուբսիդավորման վրա։ Հայկ Ֆարմանյանը հետաքրքրվել էր՝ ինչո՞վ են հիմնավորում բանկերի միջոցով այդ վարկերի տրամադրումը, ինչը բերում է բանկերի համար գերշահույթների գեներացման։
«Ուժեղ Հայաստանի» քարտուղար Տիգրան Աբրահամյանը նույնպես անդրադարձավ ներդրողների շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված գործընթացներին՝ հայտարարելով, որ Հայաստանում փաստացի սեփականության խլման գործընթաց է տեղի ունենում։ Նա հետաքրքրվեց վարկային տոկոսադրույքների և լողացող տոկոսադրույքների խնդիրներով։
«Ներդրողների շահերը վստահաբար ոտնահարվել են, մասնավորապես, խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մասին է, երբ քաղաքական ու, կարելի է ասել, քաղաքական հայտարարություններ չէր, կոնկրետ 40 վայրկյան տևած հարցազրույցից հետո անմիջապես որոշում կայացվեց այդ ընկերության մասով սեփականազրկում իրականացնելու մասին, որն էլ շարունակվում է։ Նաև վերջին ամիսներին ականատես եղանք մի գործընթացի, երբ քաղաքականության մեջ գտնվող անձանցից մեկի կամ մի քանիսի նկատմամբ կոնկրետ քաղաքական դրդապատճառներով ևս ակտիվների, այսպես ասած, խլում է տեղի ունենում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
«Ներդրումների պաշտպանության մասով սա դարձյալ դասագրքային ճշմարտություն է։ Ոչ ոք չի կարող հերքել, որ ներդրումների պաշտպանվածությունը կարևորագույն հանգամանք է ցանկացած ներդրողի համար, և եթե այդ մասով որոշակի խաթարումներ են տեղի ունենում, օբյեկտիվորեն դա, բնականաբար, որևէ գրչի հարվածով չէ, շուկան դա զգում է, ներդրողը դա զգում է, և դա առաջացնում է համապատասխան հետևանքներ։ Ես, բնականաբար, չեմ կարող և կարծում եմ՝ ճիշտ էլ չէ մտնել ձեր մատնանշած կոնկրետ դեպքերի մասով, բայց ներդրողների պաշտպանության մասով, բնականաբար, շատ կարևոր է, որպեսզի անհրաժեշտ օրենսդրությունը պահպանվի։ Մյուս կողմից, չեմ կարող նաև չասել, որ ներդրողների պաշտպանություն չի նշանակում, որ չեն կարող այս կամ այն ներդրողների կամ թողարկողների մասով քրեական գործեր լինել՝ ինչ-որ հանգամանքներ բացահայտելու առումով»,- եղավ պատասխանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: