ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և նրա տեղակալ Արթուր Մովսիսյանի հրաժարականները ակտիվորեն քննարկվում են գիտության ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Aravot.am-ը այս հրաժարականների և գիտության ոլորտի թերֆինանսավորման թեմայով զրուցել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի հետ։
Մեր հարցին՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարության հրաժարականները, որոնցից մեկը բացահայտ խոսեց թերֆինանսավորման մասին, ի՞նչ ազդանշան են գիտական հանրության համար, արդյոք սա վկայո՞ւմ է պետական մարմինների և գիտական համակարգի իրական կարիքների միջև անհաղթահարելի ճեղքվածքի մասին, Հովակիմ Զաքարյանն այսպես պատասխանեց. «Ենթադրում եմ, որ իրենք հրաժարական են տվել, որովհետև չեն կարողացել ապահովել իրենց ռազմավարությամբ կամ պլանավորմամբ նախատեսված ծրագրերը, առաջին հերթին՝ ֆինանսների բացակայության պատճառով:
Իրավիճակը շատ պարզ է՝ 2026-2030 թթ. գիտության զարգացման այն ռազմավարությունը, որը կառավարությունը այս տարվա մեջ ընդունել է, այնտեղ թիրախային թվեր կային։ Օրինակ՝ ֆինանսավորումը պետական միջոցներով հասցնել մինչև ՀՆԱ-ի 0,75 տոկոսին։ Հիմա ֆինանսավորումը ՀՆԱ-ի 0,3 տոկոսն է, այսինքն՝ փաստացի պետք է 2,5 անգամ ավելացվեր 5 տարվա մեջ։ Եթե այդպիսի ռազմավարություն են ընդունել, և 2027 թ. բյուջեով որևէ ավելացում չեն նախատեսում, ենթադրում եմ, որ շատ ավելի դժվար և անիրատեսական է լինելու 2028, 2029 և 2030 թվականներին այնքան ավելացնել, որ դա լինի 0,75 տոկոս։
Ընդ որում, իմ ենթադրությունը ոչ թե 2027 թ. բյուջեի հիման վրա է, այլ նրա, որ երկրի բյուջեն հսկայական՝ 2026 թ. մոտ 500 միլիարդ դրամի դեֆիցիտ ունի, ու այս իրողությունների պարագայում որքանո՞վ է իրատեսական գիտության ֆինանսավորումը հասցնել 0,75 տոկոսի, ես չեմ կարող ասել։
Ամեն դեպքում, իրենց ռազմավարությունը, որ ընդունել են, ենթադրում եմ, որ ֆինանսների նախարարությունն այդ ռազմավարության շուրջ ինչ-որ կարծիք է տվել։ Եթե այդ կարծիքը դրական է եղել, նշանակում է, որ ֆինանսների նախարարությունն ունի համապատասխան միջոցներ, հետեւաբար պետք է հարցնել, թե ինչու 2027 թ. բյուջեում միջոցները չեն ավելացնում»։
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ վերջերս կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պոռթկմանը, երբ նա բորբոքված ասել էր, որ գիտության մարդկանց նամակներին չի պատասխանելու, որովհետև կարծես զենքն իրենց գլխին դրած՝ փող են պահանջում ու կառավարությանը չեն գովում։
«Այդ տեսարանն ինձ վրա որևէ կերպ չանդրադարձավ, որովհետեւ ես շատ ավելի վատ տեսարաններ եմ տեսել այդ մարդու կատարմամբ։ Այն ամենը, ինչ նա արել է վերջին 8 տարիների ընթացքում, դրանից հետո ես որևէ բանից չեմ զարմանում՝ ոչ իր խոսույթից, ոչ իր վարքից, ոչ իր էմոցիոնալ արձագանքներից։ Ավելին, ես ուղղակի զարմանում եմ իմ գիտնական գործընկերների վրա, որ այսքանից հետո ինչ-որ նամակներ են գրում, տակը ստորագրում են և դիմում են։ Ես այդ նամակը ստորագրողների թվում չեմ, քանի որ բացարձակ անիմաստ եմ համարել որևէ նամակով իրեն դիմելը։
Ընդհանուր առմամբ, անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանն է կառավարության ղեկավարը, թե որևէ այլ մեկը, ցանկացած նորմալ իշխանության համար գիտության ֆինանսավորումը ակնհայտ պարտավորվածություն պետք է լինի, եթե այդ երկիրն ուզում է լինել մրցունակ առաջիկա 5-10-15 տարվա կտրվածքով։ Մրցունակ՝ բոլոր առումներով՝ տնտեսությունից սկսած, վերջացրած առողջապահությամբ և մնացած ոլորտներով։ Եթե այդ գիտակցումն այդ մարդիկ ունեն, պետք է ֆինանսավորումը անընդհատ մեծացնեն և որևէ ակնկալիք չունենան գիտնականներից։ Մինչդեռ այդ մարդն ունի ակնկալիքներ, որ իրեն պետք է անընդհատ շնորհակալություն հայտնեն, գովերգեն։ Եվ այն ամենը, ինչ իրենք անում են, ուղղակի քարոզչական հնարք է։
Նույնիսկ գիտության ֆինանսավորման բացարձակ թվերով աճը, որ վերջին 8 տարվա մեջ տեղի է ունեցել երկրի բյուջեի աճով պայմանավորված, իրենք ներկայացնում են որպես մեծ քայլ, որ իբր մեծ ուշադրություն են հատկացնում գիտությանը։ Բայց չէ՞ որ երկրի բյուջեն 2,5 անգամ աճել է 8 տարվա մեջ, իսկ գիտության ֆինանսավորումն աճել է մոտ 2 անգամ, այսինքն՝ սովորական իներցիոն աճ է տեղի ունեցել, ինչպես մնացած այլ ոլորտային ֆինանսավորման թվերի հետ։ Այդքանից հետո խոսել, որ ունենք հատուկ վերաբերմունք, կարևորում ենք և այլն, դատարկ քարոզչական թեզեր են, որոնց տակ որևէ լուրջ հիմնավորում չկա»,- ասաց գիտնականը։
Մեր հարցին՝ մի կողմից գիտության ոլորտի պաշտոնյաները հրաժարական են տալիս, մյուս կողմից երախտագիտության և գովեստի խոսքեր են հնչեցնում իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ իրենց տվյալ պաշտոնները վստահելու համար, հակասություն չկա՞ թերֆինանսավորման մասին խոսելու և նրանց շնորհակալություն հայտնելու միջև, Հովակիմ Զաքարյանն այսպես արձագանքեց. «Եթե իրենք հակասություն ունենային ներկա իշխանությունների հետ, 5-6 տարի չէին ղեկավարի, չէին զբաղեցնի այդ պաշտոնները։ Ցանկացած մարդ, որն առնվազն գաղափարական մակարդակում ունի տարաձայնություն, երբեք այս կառավարության հետ չէր աշխատի։ Ես ուղղակի զարմանում եմ մարդկանց ռեակցիայի վրա, որ զարմանում են, թե նրանք դրանից հետո շնորհակալություն են հայտնում։ Եթե դու 6-7 տարի աշխատում ես, նշանակում է՝ գաղափարական լուրջ տարաձայնություն չունես բոլոր հարցերի շուրջ և ոչ միայն գիտության հետ կապված, դրա համար էլ շնորհակալ են, որ այդքան տարի աշխատել են»։
Գիտնականին հարցրինք՝ ժամանակակից սարքավորումների բացակայությունը և լաբորատորիաների թերի հագեցվածությունը արդյոք դատապարտո՞ւմ են հայկական գիտությունը միջազգային գիտահետազոտական քարտեզից դուրս մնալուն, և ինչպե՞ս են գիտնականները փորձում շրջանցել այս փակուղին։
«Բացարձակ թվերով աճը, որը 2018-ից սկսած գիտության բյուջեի հետ եղել է՝ շնորհիվ նրա, որ ամբողջ երկրի բյուջեն է աճել այդ ընթացքում, թույլ է տվել որոշակի ծրագրեր անել, որոշակի փոքր թե մեծ բացեր լրացնել, բայց դրանք իրոք քիչ են, տեղային իրավիճակների լուծումներ են։ Շատ ավելի գլոբալ որակական փոփոխություն կարող է լինել, եթե պետությունը լուրջ վերաբերվի գիտությանը, գիտակցի, թե ինչքան կարևոր է իր համար ունենալ մրցունակ գիտություն՝ մրցունակ պետություն կառուցելու համար։ Այդ դեպքում շատ բաներ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է անել։
Մեր դերը համաշխարհային գիտության մեջ շատ չնչին է՝ թե՛ տպագրությունների քանակով, թե՛ դրանց որակով։ Մենք հիմա ոչ թե դրա մասին պետք է մտածենք, այլ այն մասին, որ այնպիսի գիտական համակարգ կառուցենք Հայաստանում, որն առաջին հերթին կարողանա ապահովել երկրի զարգացումը՝ տարբեր ոլորտներում։ Եթե այդ գիտակցումը լինի, համապատասխան ռազմավարությունը շատ հեշտ է մշակել և իրականացնել՝ նպատակ ունենալով զարգացնել երկրի տնտեսությունը, պաշտպանունակությունը, առողջապահական համակարգը և մնացած կարևոր ոլորտները։ Գիտություն ունենալ հանուն գիտություն ունենալու՝ ոչ ոք աշխարհում չի անում։ Գիտությունը պետք է ունենալ երկիրը զարգացնելու համար, և ըստ դրա, եթե այդ տեսլականն ունես, մնացած քայլերը մշակելը շատ հեշտ է։ Նաեւ պետք է ազատվել քարոզչական թեզերից, ինչ-որ ակադեմիական քաղաքներ սարքելու մոլուցքից, որը երբեք էլ չի լինելու։
Ես կարող եմ ցանկացած մարդու հետ գրազ գալ, որ դա երբևէ չի լինելու, ոչ մի Ակադեմիական քաղաք չի կառուցվելու Հայաստանում, առավելագույնը՝ 2-3 շենք կկառուցեն դաշտի մեջ, կասեն՝ սարքում ենք։ Այդ Ակադեմիական քաղաքը 2026 թ. բյուջեով գիտության համար նախատեսված բյուջեից փողեր է տանում, եթե չեմ սխալվում՝ 2026 թ. 5 մլրդ դրամ գումար է հատկացվել։ Իմ գործընկեր գիտնականները, որոնք հիմա բողոքում են ֆինանսավորման պակասից, որն արդարացի բողոք է, պետք է առաջին հերթին մատնացույց անեն Ակադեմիական քաղաքին հատկացված գումարը, ըստ էության, փոշիացում է։ Պիտի պահանջեն այդ գումարը ուղղորդել նորմալ գիտական նախագծերի իրականացմանը, որը պետության շահերից է բխում, ոչ թե շնորհակալություն ստանալու անհատների ցանկությունից»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Հովակիմ Զաքարյանին նաև հարցրինք՝ իր կարծիքով ինչպե՞ս է ֆինանսական անբավարարվածությունն անդրադառնում սերնդափոխության վրա, ի՞նչ իրական խթաններ կան, որոնք կարող են երիտասարդ հետազոտողներին պահել ակադեմիական համակարգում։ «Որևէ յուրահատկություն ակադեմիական համակարգը այլ համակարգերի նկատմամբ չունի։ Եթե գրավիչ չէ միջավայրը, ոլորտը, երիտասարդների հոսքն այդ ոլորտ քիչ է»,- ասաց նա՝ նորից վկայակոչելով թերֆինանսավորումը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: