Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը
Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներով տարածվող զանգվածային պրոցեսները պրոյեկտենք Հայաստանի վրա, որտեղ ընտրություններից հետո լարվածությունը միայն աճեց և անորոշությունը միայն մեծացավ։
Հետևություն 1
Հայաստանը չի կարող կտրված լինել աշխարհում, Եվրոպայում, տարածաշրջանում ընթացող զարգացումներից և ռիսկերից։ Պետք է կարողանալ նայել ու տեսնել լրատվական կադրերից այն կողմ, թե ի՛նչ է կատարվում աշխարհում, ո՛րն է պրոցեսների միտումը, որո՛նք են խորքային պատճառները և մեզ համար հնարավոր ռիսկերը։
Հետևություն 2
Որևէ բանական մարդու, պատասխատանու քաղաքական ուժի և խելամիտ հասարակության նպատակը ո՛չ անկարգություններն ու անկայունությունն է, ոչ էլ՝ ճահճացող ռեպրեսիվ «պսևդոկայունությունը»։ Պիտի արձանագրենք. Հայաստանում կան հանրային լուրջ դժգոհություններ, իսկ դժգոհությունների էվոլյուցիան պետք է լինեն լուծումներն ու փոփոխությունները։ Հիմքում էլ պետք է լինի ռացիոնալ միտքը։
Հետևություն 3
Հայաստանում միտքը, ինտելեկտը մարգինալացվում են, և քաղաքական ու պետական մտածողության փոխարինիչը լայքահավաքությունն է։ Սա ստեղծում է «մտքից ազատ» միջավայր, որտեղ լուծումներ չեն ծնվում։ Սա պետք է փոխվի։
Հետևություն 4
Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար»։ Այսպես մտածելու պարագայում թե՛ մեկը, թե՛ մյուսը կտան զրոյական արդյունք։ Պայքարը կավարտվի նույն մի քանի հազարանոց երթերով ու ԱԺ-ում «սուր հարց-կոշտ պատասխան» արարով, որտեղ պատասխանող կողմը միշտ շահելու է։ Փոխել է պետք երկրում միջավայրը, մթնոլորտը և միայն դրանից հետո պայքարի ձևերը և ֆորմատները կստանան արդյունավետություն։
Հետևություն 5
Պետք է հասարակությանը մասնակից դարձնել սեփական ճակատագրի քննարկմանը և որոշումների կայացմանը։ Խոսքը բոլոր ընտրազանգվածների մասին է։ Փաստարկված և սոլիդ խոսքով հանրային կյանք պետք է վերադարձնել բանականությունը։ Այդպես է հնարավոր գալ ճիշտ որոշումների, այդպես է հնարավոր վերագտնել միասնական վտանգի և միասնական պատասխանատվության զգացումը։ Քաղաքական լիդերության խնդիրը պետք է լինի հենց դա։
Հետևություն 6
Ընդդիմության մոնոպոլիա չի կարող լինել։ Մոնոպոլիան և համախմբումը տարբեր բաներ են։ Ընդդիմության մոնոպոլիան նշանակում է արգելափակում՝ առողջ գաղափարների, այլ տեսակետների և հետևաբար՝ տարբեր ընտրազանգվածների, հանրային շերտերի համախմբման։
Հետևություն 7
Հակընդդեմ քաղաքական էլիտաները պետք է դադարեն միմյանց ոչնչացնելու մոլուցքը։ Սա պետք է արտահայտվի մտածողության վերանայմամբ, հանրային պատշաճ խոսույթով և բոլոր քաղաքական կալանավորների ազատ արձակմամբ։ Ոչ մի քաղաքական ուժի խնդիրը չպետք է լինի դիմացինին ոչնչացնելու իդեան։
Հետևություն 8
Պետք է վերանայվի «ընդդիմություն» հասկացությունը: Ընդդիմությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան՝ որևէ կուսակցություն կամ խմբակցություն։ Ընդդիմությունը ոչ միայն խոսույթն է, այլև՝ կառուցվածքային համակարգը։ Ընդդիմությունը լուծումներ և ժողովրդին ամբողջական հեռանկար առաջարկող համակարգն է և հենց դրանով պետք է դառնա այն բաց դուռը, ուր կգան տարբեր ընտրազանգվածներից հատվածներ։
Հետևություն 9
Հայաստանի հանրային կյանք պետք է վերադարձվի բարոյականությունը։ Մենք վերածվել ենք գիշատիչ հասարակության, որտեղ նորմալ է ամեն այլանդակություն հանդուրժել կամ մասնակիցը դառնալ՝ ցանկացած ինքնարդարացմամբ։
Հետևություն 10
Ազատության և արդարադատության գաղափարը պետք է դառնա լայն համախմբման և ներհանրային հաշտության առաջնային օրակարգ։ Բոլոր քաղբանտարկյալների պետք է ազատ արձակվեն, ռեսպրեսիվ մեքենան պետք է կանգնեցվի։
Ամփոփում
Վստահաբար, այլոք կառաջարկեն նաև այլ ճիշտ քայլեր, ոմանք էլ գուցե մասնակիորեն չեն համաձայնվի իմ առաջարկություններին։ Բայց այս քայլերը կբերեն միջավայրի փոփոխության։ Դրա շնորհիվ հասարակությունը և պետությունը կդառնան էապես ավելի դիմակայուն։ Իմ տեսլականը սա է։ Դրանից հետո կերևան ճիշտ լուծումները, և մենք ավելի պատրաստ կլինենք հնարավոր համաշխարհային և ռեգիոնալ ռիսկերին։
Բանականությունը պետք է վերադառնա մեր կյանք. սարսափելի է հիշել, բայց մի 6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: