Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել

Քաղաքականություն

20.10.2026 | 12:01

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 20-ի գիշերը 165 անօդաչու թռչող սարքով հարձակվել են Ուկրաինայի վրա, որոնցից 115-ը խոցվել է։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, գրում է Current time-ը։

Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է Օբուխովի շրջանում գտնվող արտադրական և պահեստային շինությանը։ Հրդեհը մարվել է, իսկ փրկարարները շարունակում են փլատակների մաքրման աշխատանքները։

Իզյումում հարվածի տակ են հայտնվել բնակելի թաղամասերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Վիրավորվել է հինգ մարդ։ Վնասվել են բնակելի տներ, տարբեր շինություններ և ավտոմեքենաներ։

Օդեսայի մարզում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Տուժածներ չկան։

Խմելնիցկիում հարձակման է ենթարկվել ձեռնարկություններից մեկը։ Ոչ ոք չի տուժել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Տյուրինը։

Հոկտեմբերի 20-ի առավոտյան Ռուսաստանը հարձակվել է Դնեպրի և դրա արվարձանների վրա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, 3 մարդ տուժել է։

Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ հարվածների հետևանքով խոցվել են Խմելնիցկիում գտնվող «Գրանդ Իմպորտ» լոգիստիկ կենտրոնը, Վոլինի մարզի Կովել քաղաքում գտնվող «Վինդոր Տրանս Սերվիս» տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնը, Ռենի նավահանգստում երեք բեռնատար նավ ու ևս մեկ բեռնանավ, որն ուղևորվում էր դեպի Օդեսայի նավահանգիստ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment