Նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հարաբերությունների սրման ու Կիևին ամերիկյան աջակցության թուլացման ֆոնին եվրոպացի առաջնորդները մտադիր են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ սեփական բանակցությունները վարել Կրեմլի հետ։ Ինչպես պնդում է Financial Times-ի միջազգային մեկնաբան Գիդեոն Ռախմանը, արդեն մոտ ապագայում կարող է տեղի ունենալ հեռախոսազրույց Եվրոպայի երկրների ղեկավարների և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Ռուս-եվրոպական հնարավոր բանակցությունների ընթացքում Պուտինին կարող է առաջարկվել պատերազմի ավարտի երկու տարբերակ։ Ըստ առաջին սցենարի՝ Ռախմանի տվյալներով, եվրոպացիները կառաջարկեն «սառեցնել հակամարտությունը» ռազմաճակատի ներկայիս գծով, իսկ դրա դիմաց Ռուսաստանին երաշխիք տալ, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Երկրորդ սցենարն այն է, որ Ուկրաինան Ռուսաստանին է զիջում Դոնբասի մնացած մասը, սակայն դրանից հետո անդամակցում է ՆԱՏՕ-ին»,- պնդում է հեղինակը՝ առանց աղբյուրներ նշելու։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը հայտնվել է «ռազմավարական փակուղում», քանի որ Ռուսաստանը ցանկանում է ամբողջական վերահսկողություն հաստատել Դոնբասի նկատմամբ, իսկ Կիևի համար դա անընդունելի է։ Նա հավելել էր, որ ստեղծված իրավիճակից հնարավոր է դուրս գալ կա՛մ բանակցությունների, կա՛մ մեկ կամ երկու կողմերի գործողությունների էսկալացիայի միջոցով։ Կրեմլում բազմիցս ընդգծել են, որ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է ամբողջությամբ ազատի Դոնբասի ողջ տարածքը, որը ռուսական զորքերն արդեն չորսուկես տարի չեն կարողանում գրավել։
FT-ի տեղեկություններով՝ Եվրոպան կենսական նշանակություն ունեցող է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, հատկապես ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող օգնության թուլացման պայմաններում։ Այդ իսկ պատճառով խաղաղապահ ջանքերին իրենց անմիջական մասնակցությունը եվրոպացիներն ավելի ու ավելի հաճախ են դիտարկում որպես անհրաժեշտություն, այդ թվում նաև այն պատճառով, որ հենց եվրոպական միջոցներն են «Ուկրաինային ջրի երեսին պահում ԱՄՆ-ի կողմից ֆինանսական օգնության դադարեցումից հետո»։
Եվրոպական պետությունների շրջանում «աճում է համաձայնությունը» այն հարցում, որ Հին աշխարհամասի առաջնորդներն այլևս չեն կարող բավարարվել մի իրավիճակով, երբ Պուտինի հետ շփվում են միայն Վաշինգտոնի ներկայացուցիչները, նշում է Ռախմանը։ Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմի հետ կապի խողովակներն «արդեն բաց են»։