«Եթե մենք գնում ենք միայն տնտեսական շահի հետևից և որոշում, որ հաշվի չենք առնելու համայնքի համաձայնությունը կամ անհամաձայնությունը, սա մեզ համար խնդրահարույց է»,-COP17 Կանաչ գոտում անցկացվող «Պարտավորություններից դեպի իրականացում․ կենսաբազմազանության օրենսդրության, կառավարման և հաշվետվողականության ամրապնդումը՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման համար» խորագրով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը՝ խոսելով որոշումների կայացման ժամանակ համայնքի բնակիչների ձայնը լսելի լինելու անհրաժեշտության մասին։
Ըստ նրա՝ եթե հակառակ սկզբունքով առաջնորդվենք, կհեռանանք ժողովրդավարությունից։ Նա նաև մտահոգություն հայտնեց փորձաքննական եզրակացությունների հստակ ժամկետները չպահպանելու առիթով․ «Փորձաքննության եզրակացությունները, երբ տրվում են, ունեն հստակ ժամկետներ, և դրանց ընթացքում տնտեսվարողները պետք է իրականացնեն իրենց գործունեությունը։ Շատ հաճախ այդ գործունեությունը տեղի չի ունենում, և փորձաքննական եզրակացությունը, որը պետք է ուժը կորցրած ճանաչվեր, ուժը կորցրած չի ճանաչվում։
Անցնում են տարիներ, և նոր տնտեսվարողը սկսում է գործունեություն իրականացնել։ Այստեղ մի շարք ռիսկեր կան․ տվյալ տարածքում էկոլոգիական իրավիճակն ու գործոնները փոխված կլինեն, և տվյալ գործունեությունը վնաս կարող է պատճառել շրջակա միջավայրին։ Ամեն նախագիծ ունի առանձին փորձաքննություն, և առանձին-առանձին են դիտարկվում փորձաքննությունները։ Չեն դիտարկվում այն գումարային ազդեցությունները, ինչը կարող է տվյալ տարածաշրջանում լուրջ ազդեցություն թողնել շրջակա միջավայրի վրա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: