ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին

Ալբանիայում անցյալ երեքշաբթիից ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում՝ ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի սրման ֆոնին։ Դրանց պատճառ են դարձել համալսարաններում պայմանների բարելավման նոր պահանջները, կոռուպցիայի դեմ դժգոհությունը և Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականի վերսկսված պահանջները։

«Բողոքի ցույցերն իրավունք են, մինչդեռ բռնությունը՝ հանցագործություն։ Մեր ժողովրդավարության զարգացման այս վճռորոշ փուլում այս կարմիր գիծը պետք է հստակ գծվի»,- Facebook-ում գրել է Ռաման։

Նա նշել է, որ պատրաստ է երկխոսության՝ բացառությամբ բռնություն գործադրողների և այն քաղաքական կուսակցությունների, որոնք չեն սահմանազատվում բռնությունից։

Այսօր հարյուրավոր ցուցարարներ կրկին հավաքվել են Տիրանայի գլխավոր հրապարակում և կրթության նախարարության շենքի դիմաց։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ցուցարարներին ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Ցուցարարները թիրախավորել են կառավարական շենքերը և քաղաքի մի շարք հատվածներում ջարդուփշուր արել խանութների ցուցափեղկերը։ Նրանք նաև ոստիկանների ուղղությամբ քարեր, ինքնաշեն հրկիզող սարքեր և հրավառության նյութեր են նետել։

Իշխանությունների տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 300 մարդ, որոնց կեսից ավելին ոստիկաններ են։

Բողոքի ցույցերի ընթացքում զգալի վնասներ են կրել նաև մի շարք կառավարական շենքեր, այդ թվում՝ կրթության նախարարության շենքը, որը շարունակում է մնալ բողոքի ակցիաների կենտրոնական թիրախներից մեկը։

Երկուշաբթի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Ռաման գովեստի խոսքեր է հնչեցրել ոստիկանության գործողությունների կապակցությամբ և խոստացել առաջնագծում ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի վճարել 2,500 եվրո, ինչպես նաև հունվարի 1-ից զգալիորեն բարձրացնել նրանց աշխատավարձերը։

Անկարգությունների համար մեղադրելով «օտար ուժերին»՝ Ռաման հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը համացանցում ապատեղեկատվություն են տարածում։

Ընդգծելով, որ Ռուսաստանն «Ալբանիայի դաշնակիցը չէ», Ռաման նախազգուշացրել է «ռուսական ազդեցության ալիքի մասին, որը տարածվում է սոցիալական մեդիայի ամբողջ էկոհամակարգում»։ Նա նաև զգուշացրել է Իրանի հետ, իր պնդմամբ, կապ ունեցող «տասնյակ հազարավոր կեղծ օգտահաշիվների» մասին, որոնք մոբիլիզացվել են բնապահպանական ակտիվիզմի քողի ներքո։

Նշենք, որ Բալկանյան այս երկրում հակակառավարական բողոքի ցույցերն ի սկզբանե սկսվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ կապվող վիճահարույց առողջարանային համալիրի կառուցման ծրագրի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment